Մեկնաբանություն

19.06.2013 16:14


Եվ մի՛ տանիր զմեզ ի օֆշոր

Եվ մի՛ տանիր զմեզ ի օֆշոր

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում վարչապետ Տիգրան Սարգսյանը (կոդային անվանումը՝ «Օֆշորի Տիկո») նշել էր, թե ինքն իրեն համարում է մարդ, որը ամեն օր մտածում է՝ ինչպես լուծել անլուծելի խնդիրները։

Երեկ երեկոյան պարզվեց, որ Տիգրանը գտել է անլուծելի թվացող խնդրի լուծումը, բայց ստացվել է ինչպես միշտ։

Ինչպես հայտնի է, «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը (կոդային անվանումը՝ «Օֆշորի Տիկոյի օրթախ») նամակ է գրել «Հետքին»։

«Ուզում եմ անդրադառնալ օֆշորային կազմակերպությանը` WLISPERA HOLDINGS LIMITED-ին: Նախ ասեմ, որ այս կազմակերպության հիմնադիրը ես եմ և ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի և Ն. Կճոյանի անուններով` առանց նրանց գիտության և առանց նրանց համաձայնության: Դա արել եմ, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից: Չեմ գիտակցել, որ այն կարող է հետևանքներ ունենալ»,– մասնավորապես նշված է Նավասարդ Կճոյանի (կոդային անվանումը՝ «Բենթլի Սամո») սանիկ հանդիսացող Սուքիասյանի նամակում։

Փաստորեն, Տիգրան Սարգսյանը որոշել է հեշտացնել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործը և բացահայտել դավադրաբար իր անվան հետ խաղացած մարդուն։

Վարչապետը, Սուքիասյանի ինքնախոստովանական ցուցմունքի միջոցով, հիմա փորձում է միս ու արյուն տալ այն վարկածին, ըստ որի՝ ինքը Նավասարդ Կճոյանի հետ տանը հանգիստ նստած հոգևոր թեմաներից է զրուցելիս եղել, իսկ չարագործը (տվյալ դեպքում՝ Սուքիասյան Աշոտը) այդ պահին վարկաբեկել է իրեն ու «օրթախ» դարձրել Կիպրոսի օֆշորներում։ Ոչինչ որ Աշոտը սկսել է իր «մութ գործը» երեք տարի առաջ և այդ ընթացքում միլիանավոր դոլարի վարկային միջոց ստացել «Ամերիաբանկից», ոչինչ որ «Ամերիաբանկը» չէր կարող չֆիքսել, որ Ռուբեն Վարդանյանի վարչապետ ընկերոջն են վարկաբեկում 10 միլիոն դոլարի չափով, ոչինչ որ Կենտրոնական բանկը չէր կարող չնկատել, որ իր նախկին ղեկավարին պատկանող օֆշորային կազմակերպությանն են փողեր փոխանցվում ու նույն այդ կազմակերպությունից հետ փոխանցվում «Ամերիաբանկում» բացված մեկ այլ հաշվի համարի վրա։ Կարևորը որ Տիգրանը անմեղ է, քանզի Պրահայում է եղել WLISPERA HOLDINGS LIMITED-ի գրանցման օրը («երկաթյա» ալիբի)։

Թե քանի հավի ուղեղ ունեցողի կարող են հավատացնել այս վարկածի իսկությունը, արդեն էական չէ։ Էականն այն է, որ «անկախ» մամուլի կողմից արևմտամետ, աստվածավախ, բարեպաշտ, առաջադեմ, բարեշրջիչ ու ԵՄ–ի ջերմ երկրպագու ներկայացվող Տիգրան Սարգսյանը ձգտում է ջրից չոր դուրս գալ՝ հանցագործ աշխարհում ընդունված խաղի կանոններն օգտագործելով։ Համաձայն այդ կանոնի՝ բանդայի պարագլխին փրկելու համար ավելի ցածր կարգավիճակ ունեցողն իր վրա է վերցնում ամբողջ հանցանքը, իսկ բանդան երաշխավորում է քավության նոխազի կարգավիճակի դերին համաձայնություն տված «սլաքավարի» անհոգ կյանքը։ Աշոտը հիմա արտերկրում է և մեծ հաճույքով իր վրա է վերցրել հանցանքը՝ հիմնավորելով այն ազնիվ մղումներով։ Վե՛րջ։ Կողմերը ուրախ են և երջանիկ։ Շահում է վարչապետը, «քցվում» է Փայլակ Հայրապետյանը, հիմարի տեղ է դրվում հասարակությունը։

Այն, որ Տիգրան Սարգսյանը փորձելու էր արդարանալ, որևէ կասկած չէր հարուցում։ Բայց որ կընտրվեր արդարանալու մի տարբերակ, որը էժանագին դետեկտիվ սերիալի մակարդակի էլ չի ձգում, արդեն վեր էր շատերիս երևակայությունից։ Սա ցինիզմի և դեմագոգիայի գագաթնակետն է։

Լավ, մի «կրեատիվ» բան չէի՞ք կարող մտածել, որ այսպիսի անհեթեթ պատմությունների մեջ չհայտնվեիք, պարո՛ն Սարգսյան։ Լավ, բա այսքանից հետո ինչպե՞ս եք խոսելու կոռուպցիայի դեմ պայքարից, փողերի լվացումից, իշխանության և բիզնեսի տարանջատումից։ Թե՞ արդեն տոկոսները «խփված» են, և կարելի է «Լավ եմ անում» տարբերակով ձևականությունների հետևից չընկնել։ Ինչևէ։

Ի դեպ, օֆշորային այս պատմությունը հիշեցնում է նաև սովետական հայտնի կինոկատակերգությունը՝ «Կովկասի գերուհին»։ Չաղի, Ցանցառի ու Նիկուլինի դերում համապատասխանաբար Տիգրան Սարգսյանը, Աշոտ Սուքիասյանն ու Նավասարդ Կճոյանն են, որոնց վրա «Սաախովը» (դե՛, հասկանում եք, էլի՛, ով) դրել էր «աղջիկ փախցնելու», այն է՝ փող աշխատելու խնդիր, բայց ամեն ինչ փոզմիշ եղավ, և ֆիլմի վերջում բոլորը հայտնվեցին համապատասխան վայրում։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Սուքիասյանն իր նամակում նշում է, որ վարչապետին ու Կճոյանին փայատեր է դարձրել, որպեսզի իր բիզնեսը զերծ պահի տարբեր ոտնձգություններից։

Վարչապետին բիզնեսի «կռիշ» դարձնելը Հայաստանի տիպի պետություններում ընդունված պրակտիկա է։ Այս առումով զարմանալի բան չկա։ Զարմանալին այն է, որ սահմանադրորեն աշխարհիկ հռչակված Հայաստանում բիզնեսի «կռիշ» կարող են դարձնել նաև հոգևոր դասի ներկայացուցիչներին։

Փաստորեն, մեզանում սողացող տարբերակով կղերա–օլիգարխիկ համակարգ է ստեղծվում։ Օֆշորային այս գործը, ըստ այդմ, սովորական մեքենայություն չէ։ Գործն առնչվում է մեր պետության հիմքերին ու պետական կարգին։

Հարկ է ընդգծել, որ պետության և եկեղեցու սերտաճումը դեռ ոչ մի ժողովրդի բարեկեցություն և երջանկություն չի բերել։ Հակառակը՝ պետության և եկեղեցու միախառնումը այլասերել է հասարակական հարաբերությունները։

Այսօրվա Արևմուտքը պետության և եկեղեցու տարանջատման արդյունք է։ Հետևաբար՝ փարիսեցիություն է Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի ու նրանց նեղ շրջապատի արևմտամետ խաղալը։ Մենք իրականում գործ ունենք Աստծո անունը հաճախ տվող, բայց մամոնային ծառայող հանցավոր խմբի հետ։

Այս խորագրի վերջին նյութերը