Լրահոս

19.06.2013 14:08


Արցախի ԱԳ նախարարը ողջունում է ԼՂ խնդիրը կարգավորելու շուրջ եռանախագահող երկրների շահագրգռվածությունը

Արցախի ԱԳ նախարարը ողջունում է ԼՂ խնդիրը կարգավորելու շուրջ եռանախագահող երկրների շահագրգռվածությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի մեկնաբանությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարության վերաբերյալ

Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի ղեկավարների շահագրգռվածությունն ուղղված Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կայուն և խաղաղ կարգավորմանը, որն արտահայտվել է ս.թ. հունիսի 18–ի՝ համատեղ հայտարարությամբ:

Տվյալ հայտարարությունը հերթական անգամ հաստատում է համանախագահող երկրների վճռական դիրքորոշումը՝ բացառել ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը և նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Միևնույն ժամանակ, անհրաժեշտ ենք համարում ևս մեկ անգամ հաստատել մեր դիրքորոշումն առ այն, որ կարգավորման գործընթացում իրական առաջընթացի հասնելու համար պարտադիր պայման է հանդիսանում բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնումը՝ նրա բոլոր փուլերին ԼՂՀ անմիջական և ուղղակի մասնակցությամբ, որին Ադրբեջանն ամեն կերպ խոչընդոտում է:

Մենք հույս ունենք, որ խաղաղ կարգավորման ջանքերի ակտիվացմանն ուղղված կոչը լսելի կլինի Ադրբեջանում և նրա ղեկավարությունը կհրաժարվի միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքներն ընտրովի մեկնաբանելու փորձերից, տարածաշրջանում լարվածության և անվստահության մթնոլորտը խորացնելուց, ինչպես նաև ստեղծված իրողություններն անտեսելուց:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, հանդիսանալով բանակցությունների գործընթացում ստեղծված իրավիճակից ելք գտնելու և երկրի ու ժողովրդի ապագային անմիջականորեն վերաբերող որոշումներ կայացնելու մեջ ամենաշահագրգիռ կողմը, պատրաստ է շարունակել ջանքեր գործադրել երկարատև խաղաղության և կայունության հաստատման համար:

Այս խորագրի վերջին նյութերը