Լրահոս

19.06.2013 11:31


Գաղտնադիտարկման շնորհիվ հնարավոր է եղել 50–ից ավելի հարձակում կանխել

Գաղտնադիտարկման շնորհիվ հնարավոր է եղել 50–ից ավելի հարձակում կանխել

ԱՄՆ Կոնգրեսում էլեկտրոնային գաղտնադիտարկման կապակցությամբ կազմակերպված լսումների ժամանակ Ազգային անվտանգության գործակալության ղեկավար Քեթ Ալեքսանդրը հայտարարել է, որ 2001թ.-ից մինչ օրս գաղտնադիտարկման շնորհիվ հաջողվել է 50-ից ավելի հարձակում կանխել, այդ թվում՝ Նյու Յորքի ֆոնդային բորսայի նկատմամբ: Նա նաև նշել է, որ գաղտնադիտարկմամբ ստացված տեղեկությունները ԱՄՆ-ը հաղորդել է 20-ից ավել երկրների անվտանգության ծառայությունների:

Հիշեցնենք, որ էլեկտրոնային գաղտնադիտարկման մասին տեղեկատվությունը հայտնի էր դարձել բրիտանական «Գվարդիան»-ին ԱՄՆ ԿՀՎ-ի նախկին գործակալ Էդուարդ Սնոուդենի տված հարցազրույցից: Սնոուդենը հայտարարել էր, որ ամերիկյան գաղտնի ծառայությունները անմիջական մուտք ունեն այնպիսի խոշոր էլեկտրոնային ընկերությունների սերվերներ, ինչպիսիք են «Ֆեյսբուքը» «Գուգլը», «Յահուն», «Ափլը» և «Մայքրոսոֆթը»:

Այդ կազմակերպությունները հերքել են գաղտնի ծառայություններին տեղեկատվություն տրամադրելու փաստը, սակայն ավելի ուշ դիմել են ԱՄՆ կառավարությանը, որ թույլտվություն ստանան տվյալներ հրապարակել գաղտնի ծառայություններին տրամադրած տեղեկատվության վերաբերյալ:

Հարցին, թե հույժ գաղտնի տեղեկատվությունը հրապարակելու համար ինչ է սպասվում Սնոուդենին, Ազգային անվտանգության գործակալության ղեկավարը հակիրճ պատասխանել է` արդարադատություն։

Այս խորագրի վերջին նյութերը