Լրահոս

19.06.2013 08:30


Զենքերը, որոնք հայտնվել են Բաքվում, անդառնալի ոչինչ չեն փոխում իրավիճակում, սակայն...

Զենքերը, որոնք հայտնվել են Բաքվում, անդառնալի ոչինչ չեն փոխում իրավիճակում, սակայն...

Դեռ չէին հասցրել ադրբեջանական զորահանդեսի նախապատրաստության մի քանի նկարներ տարածվել համացանցում, արդեն սկսվեցին բուռն քննարկումները: Ինչպես երևում է, Ադրբեջանը այս տարի էլ զորահանդեսի ժամանակ ներկայացնելու է բավականին նորություններ, որոնցով կրկին փորձելու է ազդել հայկական կողմի վրա: Ինչպես երևում է որոշ նկարներից, դրանք են ռուսական նորագույն տանկեր, հրետանային միջոցներ, ծանր հրանետեր և այլն: Կարող են լինել նաև այլ զենքեր, մասնավորապես իսրայելական արտադրության և այլն: Այն, որ Իսրայելից մեծաքանակ զենքերի գնման գործընթաց կար, հայտնի էր դեռ վաղուց, սակայն հայկական միջավայրում հատկապես անհասկանալի է Հայաստանի ռազմավարական դաշնակցի Ռուսաստանի կողմից որոշ զինատեսակների վաճառքը: Դեռ 2008թ., երբ խոսք գնաց Ս-300 համալիրների վաճառքի մասին հայկական մամուլը ադեկվատ գնահատական տվեց երևույթին: Նշենք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում նման քանակությամբ և այդ տեսակի համալիրներ գնել էր միայն Չինաստանը: Սակայն այդ խոշորագույն գործարքի կանխումը չստացվեց, դրա իրագործումը չօգնեց, որ ռուսական ազդեցությունը պահպանվի Ադրբեջանում: Ընդամենը մի քանի տարի անց նրանց ստիպեցին լքել Ադրբեջանը: 1990 ականների վերջերին Ադրբեջանի թիվ մեկ զենքի մատակարարը համարվում էր Ուկրաինան: Ռուսաստանին այդ իրավիճակը դուր չեկավ, և 2000–ականների կեսերին այդ իրավիճակը փոխվեց: 2010-2011թթ. խոսք էր գնում այն մասին, որ Ադրբեջանը Իսրայելից գնում է 1,6 մլրդ դոլարի զենք: Սակայն ինչպես հիմա է երևում, Ռուսաստանը այս իրավիճակը ևս շտկել է: Ցուցադրվելիք Ս-300 ԶՀՀ-ները, Տ-90 տանկերը, Մստա-Ս հրետանային համակարգերը, ԲՄՊ-3 զրահամեքենաները և տարբեր ուղղաթիռները միասին արժեն ավելի քան 2 մլրդ դոլար:

Իհարկե, այդ զենքերը, որոնք հայտնվել են Բաքվում, անդառնալի ոչինչ չեն փոխում իրավիճակում, սակայն մեղմ ասած՝ դաշնակցի հանդեպ արդարացի ու ազնիվ չէ: Նույն ժամանակ այդ դաշնակիցը իր գործընկերոջը առաջարկում է այլ տեխնիկա: Ավելին ասենք, որ այդ նույն տեխնիկան, որը համարվում է ռուսական նորագույն` Սմերչ, Տ-90, ԲՄՊ-3, մասայականորեն չկա անգամ ռուսական բանակում՝ այդ թվում նաև Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում: Ահա այսպիսի իրականություն:

Վերջերս խոսվեց այն մասին, որ Հայաստանում ռուսական ռազմաբազան ևս զինվում է նորագույն զինատեսակներով: Եթե դա իրականությանը համապատասխանում է, ապա Ռուսաստանը ուղղակի ստիպված է թեկուզ իր ռազմաբազայում ունենալ ոչ միայն վերը նշված տեխնիկաներից, այլ նաև օպերատիվ-մարտավարական և մարտավարական հրթիռներ` Իսկանդեր, Տոչկա Ու և այլն, նորագույն Ս-300 կամ Ս-400 ԶՀՀ-ներ և հզորացնել օդային բաղադրիչը մինչև իսկ մեկական կործանիչ և ռմբակոծիչ ավիաէսկադրիլիաներով: Ներկայումս եղած ՄիԳ-29 կործանիչները թե տեխնիկապես, թե ֆիզիկապես թե բարոյապես հնացած են և չեն համապատասխանում պահանջներին: Պատահական չէ, որ այս կործանիչից օրեցօր հրաժարվում են նորանոր պետություններ: Ճիշտ տեղին և ժամանակին է, որ ռուսական օդուժի սպառազինության մեջ հայտնվող Սու-30-34 շարքից մեկական էսկադրիլիա հայտնվեն ռուսական շահերի միակ կղզի հանդիսացող այս տարածաշրջանում: Սա, նորից ենք կրկնում, հենց ռուսական շահերից է բխում, քանի որ հակառուսական ուժերը արդեն չափազանց շատ են զինվել, այդ թվում նաև ռուսական զենքով:

Ալբերտ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը