Լրահոս

17.06.2013 17:08


Մոտ 240 ընտանիք ամեն ինչ կորցնելու և արտագաղթելու սպառնալիքի առջև է կանգնած

Մոտ 240 ընտանիք  ամեն ինչ կորցնելու և արտագաղթելու սպառնալիքի առջև է կանգնած

Այսօր ԱԺ շենքի, այնուհետև նախագահական նստավայրի դիմաց բողոքում էին «Կիլիկիա» առևտրի կենտրոնի աշխատակիցները՝ պահանջելով բացել առևտրի կենտրոնը և իրենց աշխատելու հնարավորություն տալ: Նրանք տեղեկացրեցին, որ հունիսի 1-ին Կիլիկիա առևտրի կենտորն են ժամանել հարկային տեսչության դիմակավորված աշխատակիցները, իրենց հրմշտելով դուրս են հանել կրպակներից ու կողպել՝ թույլ չտալով այնտեղից վերցնել անգամ անձնական օգտագործման իրերը:

Աշխատակիցները «7օր»-ի հետ զրույցում նշել են, որ առևտրի կենտրոնը կողպած հարկայինի աշխատակիցներն իրենց գործողությունների օրինականությունը հիմնավորող փաստաթուղթ ներկայացնելու քաղաքացիների պահանջին ի պատասխան՝ չեն կարողացել որևէ փաստաթուղթ ներկայացնել: Անունը նշել չցանկացող քաղաքացին իր ենթադրությունները հայտնելով՝ նշել է, թե առողջացման ծրագրի շրջանակներում առևտրի կենտրոնը սեփականաշնորհվել է գործարար Բալյան Հարությունին, և որոշ մարդիկ ուղղակի փորձում են նման քայլերով նրանից խլել նրա բիզնեսը:

Բողոքի գործողությանը մասնակցող մի առևտրական, որ ներկայացել է Կարեն անունով, նշել է՝ առևտրի կենտրոնի փակման պատճառով չի կարողացել մուծել բանկից վերցրած վարկը, որի պատճառով զրկվել է 814 000 դրամին համարժեք ոսկուց: Կարենի խոսքերը հաստատել են նաև այլ ցուցարարներ։ Նրանք նշել են, որ ապրանքները վաճառելու հույսով գրավադրել են իրենց շարժական ու անշարժ գույքը, ինչպես նաև զարդերը, և այժմ մոտ 240 ընտանիք ամեն ինչ կորցնելու և արտագաղթելու սպառնալիքի առջև է կանգնած:

Ցույցի ավարտին դրա մասնակիցներին են միացել նախագահական նստավայր գնացած 4 պատվիրակները. նրանք ասել են, որ նախագահականի աշխատակազմում իրենց պահանջները լսել են, սակայն հարցերը թողել են անպատասխան և խոստացել են մինչև առաջիկա հինգշաբթի իրենց հետ կապ հաստատել: Նախագահականից ստացած անորոշ պատասխանը լսելուց հետո ցուցարարները շարժվել են «Կիլիկիա» առևտրի կենտրոն՝ այնտեղ շարունակելու իրենց բողոք ցույցը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը