Լրահոս

17.06.2013 12:38


«Մենք օձերին և կարիճներին ասել ենք՝ էստի՛ համեցեք». թե որոնք են Երևանում օձերի և մժեղների ավելացման պատճառները

«Մենք օձերին և կարիճներին ասել ենք՝ էստի՛ համեցեք». թե որոնք են Երևանում օձերի և մժեղների ավելացման պատճառները

Հարցազրույց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ–ի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանի հետ

–Առաջին հայացքից տպավորությունն այնպիսին է, թե այս տարի բնակելի վայրերում և հատկապես Երևանում հայտնաբերվող օձերի քանակն ավելացել է։ Ի՞նչն է օձերին ստիպում դուրս գալ իրենց բներից։

–Ասում են, թե իբր վիճակագրության համաձայն նախորդ տարի ավելի շատ են եղել խայթոցները կամ հայտնաբերումները, քան այս տարի։ Բայց ես համոզված եմ, որ գնալով պիտի շատանան։ Դեռևս 10 տարի առաջ ես իմ գրքերում գրել եմ, որ մեր քաղաքաշինությունը ստեղծում է ասֆալտ–բետոնային անապատ։ Մենք վերադառնում ենք կիսաանապատ և նույնիսկ դեպի անապատ։

–Նկատի ունեք մայրաքաղաք Երևա՞նը։

–Այո՛, Երևանը այժմ կիսաանապատային գոտում է։ Որպեսզի մայրաքաղաքն այստեղ լիներ, նախկինում այնքան կանաչապատեցին, ջրային տարածքներ ստեղծեցին, կառուցապատումն այնպես արեցին, որ միկրոկլիման փոխվի։ Բայց հիմա մենք կրկին վերադարձրել ենք կիսաանապատը՝ ասֆալտ–բետոնային անապատը։ Իսկ կիսաանապատն ինքն իրեն չի վերադառնում. այն վերադառնում է իր ֆաունայով՝ իր կենդանիներով, իր բույսերով։ Բույսերը ոչնչացնում ենք, բայց կենդանիները հո գալիս են։

–Այսինքն՝ Երևանում կանաչ գոտիների վերացումը ևս մեկ խնդրի է հանգեցնում՝ օձերի քանակն ավելանում է։

–Այսօր մենք իդեալական պայմաններ ենք ստեղծել օձերի, կարիճների, սողունների համար, և իհարկե՝ պետք է գան։ Ու պատճառը միայն կանաչ գոտիների վերացումը չէ։ Հսկայական շենքեր են իրար վրա կառուցել. այդ բոլորը տաքանում են, ջերմաստիճանը բարձրանում է, ամեն ինչ բետոնապատում ենք։ Նայեք Հյուսիսային պողոտան։ Անունը հյուսիսային է, բայց հո չի՞ նշանակում, որ ինքը հյուսիսում է։ Ինքը հարավում է, չէ՞, քարը քարի վրա, բերտոնը բետոնի վրա, ասֆալտը ասֆալտի վրա։ Մենք օձերին և կարիճներին ասել ենք՝ էստի՛ համեցեք, իրենք էլ գալիս են, ճիշտ են անում։

–Իսկ ասֆալտ–բետոնային կիսաանապատից կանաչապատ մայրաքաղաքի վերադառնալու հնարավորությունը դեռ կա՞, թե իրավիճակն արդեն անդառնալի է։

–Իհարկե, հնարավոր է, պարզապես պետք է խելքներս գլուխներս հավաքենք և տեսնենք՝ ինչ ենք անում քաղաքի հետ, ոչ թե մտածենք՝ հրապարակում էլի նոր բաներ տնկացնենք։

–Որքան նկատել եմ, այս տարի մայրաքաղաքում չափից շատ ավելացել են նաև ծառերի մժեղները։ Դրա պատճա՞ռը որն է։

Իրոք այդ խնդիրը կա, հատկապես թեղի տեսակի ծառերը շատ շուտ են հիվանդանում։ Բնապահպանները միշտ ասում են, որ տեսակը պետք է փոխել, բայց դե՝ քաղաքում փոխելը շատ մեծ խնդիր է, քանի որ մեծ քանակությամբ տարածված են։ Ծառերի այդ տեսակի կպչողականությունը բարձր է, և առանձնապես խնամք չեն ուզում, բայց սրսկելու, բուժելու առումով խնամք են ուզում։

–Փաստորեն այդ մժեղները ծառերի հիվանդության վկայություն են։

–Այո՛։

–Իսկ ո՞ր գերատեսչությունն է պարտավոր սրսկել դրանք։

–Քաղաքապետարանի կանաչապատման վարչությունը և թաղապետարանները։ Սովորաբար սրսկում են աշնանը, այսինքն երբ այդ մժեղները նոր սկսում են բազմանալ։ Բայց քանի որ այս տարի շատ անձրևոտ եղավ, մժեղներից բողոքները շատ–շատ են։ Ես քաղաքապետարանից հետաքրքրվեցի՝ ինչո՞ւ չեն սրսկում, ասացին՝ արևոր օր չի անում, որ մենք սրսկենք։ Այլապես անիմաստ է՝ սրսկում ես, անձրևը գալիս, տանում է։ Փաստորեն, այս տարվա աննախադեպ անձրևոտ եղանակը բուժման այդ գործընթացը խաթարեց։ Չէին սրսկում, սպասում էին արևոտ օրերի։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը