Լրահոս

10.07.2009 14:15


Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բրազիլիայի նորանշանակ դեսպան Մարսելա Մարիա Նիկոդեմոսը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բրազիլիայի նորանշանակ դեսպան Մարսելա Մարիա Նիկոդեմոսը

Հանրապետության Նախագահը շնորհավորելով դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ, ասել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնել  հարաբերությունները  Բրազիլիայի հետ, և դրա համար կան լուրջ հիմքեր ու մեծ ներուժ: Ըստ Սերժ Սարգսյանի, կարելի է թվարկել առնվազն չորս նախադրյալ, որոնք թույլ են տալիս ընդլայնել հայ-բրազիլական փոխգործակցությունը: Մասնավորապես, երկու երկրները չունեն տարաձայնություններ, Բրազիլիան հզոր երկիր է` հզոր տնտեսությամբ, երկու երկրներում արտադրվում են ապրանքներ, որոնք կարող են պահանջարկ ունենալ միմյանց շուկաներում, և վերջապես` Հայաստանը և Բրազիլիան կապող կարևորագույն օղակ է բրազիլահայ համայնքը: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել այդ երկրի կառավարությանը` ստեղծած բոլոր այն հնարավորությունների համար, որոնք մեր հայրենակիցներին թույլ են տվել հաստատվել, զարգանալ` պահպանելով ազգային ինքնությունն ու մշակույթը: «Մենք մշտապես երախտապարտ ենք բոլոր այն երկրներին, որոնք մեր ժողովրդի համար ծանր պահերին ձեռք են մեկնել, բարենպաստ պայմաններ ստեղծել ապրելու ու արարելու համար»,- ընդգծել է երկրի ղեկավարը:

Դեսպան Նիկոդեմոսը գոհունակությամբ նշել է, որ Բրազիլիան առաջին Լատինաամերիկյան երկիրն է, որ դեսպանատուն է բացել Հարավային Կովկասում` մասնավորապես` Հայաստանում և մտադիր է  գործուն քայլեր ձեռնարկել համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Դիվանագետը հատուկ ընդգծել է ոչ մեծաթիվ, սակայն ներկայանալի բրազիլահայ համայնքի ներդրումը երկրի զարգացման գործում:

 Կողմերը համակարծիք են եղել, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի և Բրազիլայի միջև ապրանքաշրջանառությունը տպավորիչ աճ է արձանագրել և կարևորել են հետագա աշխատանքն այդ ուղղությամբ:

Նախագահ Սարգսյանը ողջունել է նաև երկու երկրների արդյունավետ գործակցությունը միջազգային կառույցների շրջանակում և Բրազիլիայի հավասարակշիռ մոտեցումը մեր տարածաշրջանի զգայուն խնդիրների նկատմամբ:

Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ տիկին դեսպանն իր պաշտոնավարման ընթացքում ամենայն աջակցություն կստանա Հայաստանի պետական կառավարման մարմինների կողմից:

Այս խորագրի վերջին նյութերը