Լրահոս

14.06.2013 18:24


Արամ Մանուկյան. «Գազի թանկացման պայմանագրի ժամկետը բացահայտելը կդիմակազերծի Սերժ Սարգսյանին»

Արամ Մանուկյան. «Գազի թանկացման պայմանագրի ժամկետը բացահայտելը կդիմակազերծի Սերժ Սարգսյանին»

Այսօր ՀԱԿ փոխնախագահ, ԱԺ-ում «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ելույթ ունենալով դատախազության դիմաց հավաքված ՀԱԿ համակիրների առջև՝ ներկա լրագրողներին կոչ է արել նախարարությունից պարզել, թե երբ է ստորագրվել գազի թանկացման մասին պայմանագիրը: Ըստ ԱԺ պատգամավորի՝ էներգետիկայի և բնական պաշարների նախարարն իրեն ասել է, թե դա առևտրային գաղտնիք է, իսկ ինքը պատասխանել է՝ ենթադրենք, պայմանագրի բովանդակությունը գաղտնիք է, բայց գաղտնիք չի կարող լինել պայմանագրի ստորագրման ժակետը:

Մանուկյանը նաև նշել է, որ ինքը չի ընդունում կառավարության պատճառաբանությունները, թե պայմանագիրը գաղտնիք է և պնդում է, որ դրա մանրամասները պետք է բացվեն։ Այն պայմանագրերը, որոնցից հարկեր, տուրքեր, պետական վճարներ են հետևում, պետք է բացահայտվեն և հաստատվեն խորհրդարանում:

ՀԱԿ փոխնախագահը տեղեկացրել է, որ այսօր խոսել է «ՀայՌուսգազարդի», և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև մտադիր է նամակ գրել «Գազպրոմի» ղեկավարությանը՝ իմանալու, թե երբ է ստորագրվել այդ պայմանագիրը:

Արամ Մանուկյանը պայմանագրի կնքման ժամկետները չբացահայտելը պատճառաբանել է Սերժ Սարգսյանի վերևից իջեցված հրահանգով. «Երբ բացահայտվեց պայմանագրի ստորագրման ժամանակահատվածը, Սերժ Սարգսյանը կդիմակազրկվի, որովհետև նա մարտի 18-ին ի լուր աշխարհի հայտարարել է, թե բամբասկոտներ են նրանք, ովքեր խոսում են գազի գնի բարձրացման մասին, թե հերյուրանք են բոլոր այն լուրերը, որ տարածում են ընդդիմադիրներն ու լրագրողները այն մասին, թե իբր գազի գինը բարձրանալու է։ Ու արդեն եթե պարզվեց, որ պայմանագիրը ստորագրվել է մարտի 18-ից առաջ, ուրեմն կամ Սերժ Սարգսյանը տեղյակ չի եղել կամ թաքցրել է» :

Եզրափակիչ խոսքում բանախոսը նշել է, թե գործ ունենք մի իշխանության հետ, որն ամեն օր թաքցնում է իրականությունը։

–Ամեն օր զբաղված է բլեֆներով, խաբեբայությամբ, կոծկելով, թալանով, երկիրը մսխելով, քայքայելով, թալանելով... ՀՀԿ-ի ամենամեծ սխալը այս ամենում լրագրողներին ու ընդդիմադիրներին մեղադրելն է: Լրագրողները, որ «քթները խոթում են» իրենց գործերի մեջ, համարձակվում են հարց տալ, թե այդ ինչ պայմանագիր է, և ընդդիմությանը, որը «այնքան գաղջ մթնոլորտ է ստեղծում», որ իրենք ստիպված են հանցագործություններ անել, մարդիկ արտագաղթեն, պաշտոնյաները թալանեն: Սա աբսուրդի ծայրահեղ դրսևորումն է, երբ իշխանությունն իր բոլոր գործառույթները թողած՝ հիմա շրջվել է և մեղադրում է ընդդիմությանն ու լրագրողներին իշխանությունների անհաջողությունների համար: Որևէ թատրոնում, որևէ սցենարի մեջ այսպիսի աբսուրդ հնարավոր չէ,–ասել է ԱԺ պատգամավորը:

Այս խորագրի վերջին նյութերը