Արամ Մանուկյան. «Ստուգեք՝ արդյոք ձեր անունո՞վ էլ սեփականություն կամ հաշիվներ չեն գրանցել»
Այսօր դատախազությաան մոտ ՀԱԿ ավանդական դարձած ամենուրբաթյա գործողության ժամանակ Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանն անդրադաձել է «օֆշորի սկանդալին»։ Նա հավաքվածներին կատակով կոչ է արել պարզել, թե արդյոք իրենց անունով կղզիներ, գործարաններ, ռեստորաններ, Կիպրոսում և Վրաստանում, ունե՞ն, թե՞ ոչ։ Քանի որ Հայաստանում հայտնվել են մարդիկ, ովքեր ուրիշների անուններով միլիոնավոր դոլարների սեփականություններ են փոխանցում, ուստի կարող է՝ հավաքվածների բախտն էլ ժպտացած լինի, և ամեն մեկին մոտ 10 մլն դոլար կամ բիզնես նվիրած լինեն առանց իրենց գիտության:
Արամ Մանուկյանը նաև տեղեկացրել է, որ այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հավաքված բազմաթիվ լրագրողներին հարց է ուղղել՝ նրանցից քանի՞սն են հավատում Տիգրան Սարգսյանի արդարացումներին, և որևէ մեկը դրական արձագանք չի տվել:
–Հայաստանում չկա որևէ մեկը, խորհրդարանում չկա որևէ մեկը, որ հավատա, թե դա սարքած է: Սա շատ սովորական գործ է իրենց համար, որովհետև ամբողջ իշխանությունը հենց այդ գործով է զբաղված, և Հայաստանում առանց իշխանությունների գիտության հնարավոր չէ անգամ 10 հազ. դոլարի գործարք կամ փոխանցում անել։ Բոլոր բանկերը զեկուցում են, անվտանգության համակարգերը զեկուցում են, բոլոր տնտեսվարողները, բոլոր նախարարությունները վերահսկելիության սահմաններում են,–հայտարարել է Արամ Մանուկյանը։
Նա հավաքվածներին նաև տեղեկացրել է, որ երեկ խորհրդարանում վարչապետին առաջարկել են ստեղծել խորհրդարանական հանձնաժողով, որտեղ կկարողանա փաստերով ապացուցել իր անմեղությունը, ապա հավելել է, թե իշխանությունները բնականաբար նման բան չեն անի, որովհետև դա բացահայտելը շատ հեշտ է:
–Եղբայր, դու անձնագիրդ տվե՞լ ես որևէ մեկին, ստորագրե՞լ ես որևէ փաստաթուղթ: Այս մարդը քո անունից ինչո՞ւ է ստորագրել,–վարչապետին նկատի ունենալով՝ հարց է բարձրացրել ՀԱԿ փոխնախագահը։
Անդրադառնալով «օֆշորի սկանդալին» Արարատյան թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Կճոյանի առնչությանը՝ Մանուկյանը նշել է.
–Կաթողիկոսին հարց տաս՝ էս քո սրբազանները ո՞նց են «Բենթլիներով», հարյուրհազարանոց մեքենաներով ման գալիս, օֆշորում ադամանդի գործարքներով զբաղվում. դա մեր Աստծո տված առաջադրա՞նքն է,–ապա հավելել է,–թաղված են բիզնեսի մեջ բոլորը, եկեղեցուց խորհրդարան, խորհրդարանից կառավարություն, կառավարությունից նախագահական:
Նա նաև կատակել է, թե սկսում է վարչապետին խղճալ, որ իրեն են ուզում քավության նոխազ դարձնել այն դեպքում, երբ ամեն ինչ կատարվել է Սերժ Սարգսյանի գիտությամբ: ՀԱԿ փոխնախագահը նշել է, որ որևէ նախարար, որևէ պատգամավոր, որևէ գործարար չի կարող մեկ գործարք անել առանց Սերժ Սարգսյանի: Իսկ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ներկայացրած փաստաթուղթը, ըստ Արամ Մանուկյանի, այսբերգի երևացող փոքր մասն է. իրականում սրանից տասնապատիկը, հարյուրապատիկը Սերժ Սարգսյանի սեղանին դրած է, և նա պետք է որոշի՝ ինչպես օգտագործի այդ տեղեկատվությունը:
–Ամենևին չհավատաք, թե արդարադատության համար է, դա կոռուպցիայի դեմ պայքար է, դա մենաշնորհների դեմ պայքար է,–ասել է Արամ Մանուկյանն ու հավելել, թե Սերժ Սարգսյանին այդ փաստաթղթերը հարկավոր են են այդ մարդկանց կաշկանդելու և խամաճիկի կարգավիճակում պահելու համար: