Աշխարհ

13.06.2013 17:55


Էրդողանը վերջին նախազգուշացումն է արել

Էրդողանը վերջին նախազգուշացումն է արել

Այսօր կառավարող կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ ելույթ ունենալիս Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել է. «Մեր համբերությունը սպառվել է: Ես նախազգուշացնում եմ վերջին անգամ»։

Իր ելույթում նա դիմում է հղել. «Ես դիմում եմ մայրերին և հայրերին՝ տուն վերադարձրեք ձեր երեխաներին: Մենք այլևս չենք կարող հանդուրժել, որովհետև Գեզի պուրակը պատկանում է ոչ թե այն գրավածներին, այլ ժողովրդին»:

Պուրակի ակտիվիստները հայտարարել են, թե այգուց չեն հեռանա, մինչև կառավարությունը չհրաժարվի այնտեղ առևտրի կենտրոն ստեղծելու գաղափարից։ Էրդողանն էլ իր հերթին է հայտարարել, թե այգու հետագա ճակատագրի հարցը կորոշվի տեղական հանրաքվեի միջոցով, ու թեև այդ հանրաքվեն օրենքի ուժ չի ունենա, սակայն կառավարությունն այն կհարգի:

Շատերի կարծիքով՝ հանրաքվեի առաջարկը այգու տարածքում վրանային ճամբար խփած ակտիվիստներից շատերի համար ընդունելի չի լինի, քանի որ արդեն դատարանի վճիռ կա այգու տարածքում շինարարությունը դադարեցնելու վերաբերյալ:

Նշենք, որ մարդու իրավունքների թուրքական հիմնադրամի տվյալներով՝ երեքշաբթի ցուցարարներին Թաքսիմի հրապարակից ջրանետների և արցունքաբեր գազի միջոցով ցրելու՝ ոստիկանների գործողության հետևանքով ավելի քան 620 մարդ է վիրավորվել:

Ցույցերի ընթացքում արդեն 1 ոստիկան և 4 ցուցարար է զոհվել, վիրավորվել են 5000-ից ավել ցուցարարներ և հարյուրավոր ոստիկաններ:

Այս խորագրի վերջին նյութերը