Լրահոս

13.06.2013 16:47


Միխայիլ Պրոխորովը չի առաջադրվի, ոչ էլ որևէ մեկին կպաշտպանի

Միխայիլ Պրոխորովը չի առաջադրվի, ոչ էլ որևէ մեկին կպաշտպանի

Ռուս միլիարդատեր, 2012թ. Ռուսաստանի նախագահական ընտրություններում պաշտոնապես երրորդ տեղը զբաղեցրած Միխայիլ Պրոխորովը հայտարարել է՝ Մոսկվայի քաղաքապետի ընտրություններին ո՛չ ինքը կառաջադրվի, ոչ էլ իր «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությունից որևէ մեկը: ««Քաղաքացիական Պլատֆորմ» կուսակցությունը չի մասնակցի գործող քաղաքապետի լիցենզիայի երկարացման գործընթացին»,–մասնավորապես հայտարարել է նա:

Նախկին թեկնածուն նաև հայտարարել է, որ իր կուսակցության համար այժմ կարևորը մյուս տարի անցկացվելիք՝ Մոսկվայի Դումայի ընտրությունների վրա կենտորանալն է, ապա հավելել է. «Այսօր մոսկվացիների շահերը չներկայացնող Մոսկվայի խորհրդարանի ընտրություններին պատրաստվելու համար մենք մեկ տարի ունենք, և այդ տարին անց կկացնենք «Քաղաքապետը ձերն է, իսկ Դուման՝ մերը» կարգախոսով:

«Միացյալ Ռուսաստան» կուսակցությանն էլ «Քաղաքացիական պլատֆորմի» առաջնորդը հայտարարել է, թե նրանք իրենցից քաղաքապետին են խլել, իրենք էլ նրանցից Մոսկվայի Դուման կխլեն: Ապա նշել է, թե մտադիր է դիմել քաղաքական բոլոր կուսակցություններին՝ խնդրելով ընտրություններին չմասնակցել, քանի որ «այդ ընտրություններին մասնակցությունը դեմ է մոսկվացիների շահերին»:

Ավելի վաղ Պրոխորովը հայտարարում էր, թե Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում իր կուսակցությունը թեկնածու կունենա և խոստանում էր թեկնածուի անունը հայտնել այսօր: Այսօրվա ասուլիսին նա նաև հավաստիացրել է, թե չմասնակցելու իր որոշումը պայմանավորված չէ վախով, ինքը միշտ պատրաստ է դժվարություններ կրել: Ապա նշել է, թե սեփական ծրագրերն ունի և մտադիր չէ խաղալ իր վզին փաթաթվող ծրագրերի համաձայն:

Ռուսաստանի ընդդիմության շատ ներկայացուցիչներ ևս համամիտ են Պրոխորովի որոշմանը և հայտարարում են՝ Մոսկվայի քաղաքապետի ընտրությունների արդյունքները կանխորոշված են:

Ընդդիմության համակարգող խորհրդում «հանրապետականների խումբը» հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Մեր երկրում որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ վարչախումբը իր դրածոյից բացի ուրիշ մեկին թույլ չի տա զբաղեցնել Մոսկվայի ղեկավարի պաշտոնը, իսկ ընտրական հանձնաժողովի հայտարարած արդյունքները կօգտագործվեն ռուսական ընդդիմությանը քաղաքականապես վարկաբեկելու համար: Հատուկ գործողությանն իրենց մասնակցությամբ «Համաքաղաքացիական շարժման մասնակիցները» կօրնականացնեն ընտրությունների կազմակերպման և անցկացման ապօրինի եղանակները և ապօրինի վարչախմբին»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին անցկացվելիք ընտրություններին մասնակցելու համար առաջադրումները մեկնարկել են հունիսի 11-ին և կավարտվեն հուլիսի 10-ին: Մոսկվայի ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ ոչ մի թեկնածու դեռ չի գրանցվել։

Այս խորագրի վերջին նյութերը