Կարծիք

13.06.2013 16:23


Փողեր և ուղեղներ լվանալու վարպետություն

Փողեր և ուղեղներ լվանալու վարպետություն

Հայ պաշտոնեական դասի գերակշիռ մասը ասես «անողնաշար շատախոսներ» լինեն: Կարող են մի քանի րոպե անդադար խոսել ու ոչինչ չասել՝ ըստ էության: Կամ՝ իրենց հասցեագրված հերթական մեղադրանքի կապակցությամբ ընդամենը ասել՝ «Դա անհեթեթություն է», եւ անցնել առաջ:

Դե, քանի որ բարձրաստիճան պաշտոնյաների խոսքից ոչինչ չես հասկանում, մնում է ենթադրել, որ նրանք ոչ միայն փողեր, այլեւ ուղեղներ լվանալու մեծ վարպետներ են:

ԱԺ-ում Տիգրան Սարգսյանի երեկվա ելույթը ուղեղներ լվանալու անհաջող փորձ էր:

Իր անվան շուրջը տարածված օֆշորային սկանդալի վերաբերյալ հստակ փաստարկներ ու ապացույցներ ներկայացնելու, այդ կերպ արդարանալու փոխարեն, երեկ վարչապետը նախընտրեց վերհիշել եւ բոլորին հիշեցնել տասնամյակներ ձգվող իր «ազգանվեր ու անձնվեր» գործունեության «փառապանծ» էջերը. 25 տարի աշխատել է տնտեսության ֆինանսական ոլորտում, հետեւաբար՝ մի փոքր պատկերացում ունի, թե ինչ բան է օֆշորային գոտի, փողերի լվացում ասվածը, ավելին՝ հանրապետությունում ինքն է ներդրել փողերի լվացման մեխանիզմներին վերաբերող հայեցակարգը, նաեւ մեծ դերակատարություն է ունեցել բարձրաստիճան պաշտոնատար անձանց եկամուտները եւ ունեցվածքը հայտարարագրելու մասին օրենքի ընդունման գործում եւ այլն:

Հիշեցրեց նաեւ անցած տարիներին իրեն հասցեագրված այլ մեղադրանքների մասին, որոնք ըստ նրա՝ «զրպարտության» եւ «քաղաքական սպեկուլյացիայի» շարքից են:

Այնպես որ, խիղճը հանգիստ է. «Ժողովրդավարական զարգացումը սա ենթադրում է, և մենք գիտակցաբար գնում ենք այս ճանապարհով»-հայտարարեց Տ. Սարգսյանը:

Այսինքն՝ գիտակցաբար գնում են իրենց հասցեին տարածված բոլոր մեղադրանքները «ջրելու» ճանապարհով:
Այլապես՝ ինչպես հասկանալ կոնկրետ Տ. Սարգսյանի «դինջ» կեցվածքը, որը իր անձին առնչվող օֆշորային սկանդալի բացահայտումից շաբաթներ անց միայն որոշեց հրապարակավ «արդարանալ»:

Եթե արձանագրված փաստը «անհեթեթություն» է, ապա այդ մասին կարող էր ասել բացահայտումից անմիջապես հետո՝ բերելով կոնկրետ փաստարկներ ու ապացույցներ: Մինչդեռ թե՛ բացահայտման պահին, թե՛ դրան հաջորդած շաբաթներին, եւ թե՛ երեկ նա այդպես էլ ոչ մի ապացույց չնշեց, ինչով կարող էր փարատել հանրության կասկածները:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը