Լրահոս

13.06.2013 16:19


Ոստիկանությունն ուսումնասիրում է Սուրիկ Խաչատրյանի վերաբերյալ Գորիսի նախկին քաղաքապետի բացահայտումները

Ոստիկանությունն ուսումնասիրում է Սուրիկ Խաչատրյանի վերաբերյալ Գորիսի նախկին քաղաքապետի բացահայտումները

Վերջին օրերին «aravot.am»–ը բազմաթիվ հրապարակումներ է տեղադրել իր կայքում, որոնցում Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը բացահայտումների շարք է ներկայացնում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերաբերյալ։ Օրինակ՝ թե ինչ միջոցներով է Սուրիկ Խաչատրյանը կառուցել Գորիսի իր առանձնատունը, Երևանում մի շարք տարածքներ ձեռք բերել, կամ թե ինչպես է Սուրիկ Խաչատրյանը կրակել իրենից հղիացած սիրուհու վրա և այլն։ Գորիսի նախկին քաղաքապետն ասել է նաև, որ Սյունիքի նախկին մարզպետի մերձավորները հեռախոսազանգերով սպառնացել են իրեն։

«7օր»–ը ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվել է՝ արդյոք այս հրապարակումները չե՞ն դիտարկում որպես հաղորդում հանցագործության մասին։

–Դիմեք ոստիկանության լրատվական ծառայություն։ Դատախազությունը պարտավոր է իր սահմանադրական գործառույթներին վերաբերող հրապարակումները դարձնել քննարկման առարկա, մնացած հարցադրումներով դիմեք պատկան իրավապահ մարմիններին,–պատասխանել է գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը։

Իր հերթին, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «7օր»–ին ասել է.

–Հրապարակումներին տեղյակ ենք, ուսումնասիրում ենք։

Թե ուսումնասիրել ասելով՝ ինչ է հասկացվում, Ա. Ահարոնյանը, սակայն, հրաժավել է փակագծերը բացել՝ նշելով միայն.

–Ուսումնասիրում ենք, եթե անհրաժեշտություն լինի, լրացուցիչ կտեղեկացնենք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը