Լրահոս

13.06.2013 12:17


Փայլակ Հայրապետյանը վարչապետի արդարացումները խելամիտ չի համարում

Փայլակ Հայրապետյանը վարչապետի արդարացումները խելամիտ չի համարում

«Ես չեմ գրանցել օֆշորային գոտում ձեռնարկություն և որևիցե մեկին լիազորություն չեմ տվել իմ անունից դա անել։ Այս ձևով փողեր չեն լվանում, տարօրինակ գործարքներ չեն անում։ Այդպիսի անհեթեթություն իմ մտքով չէր կարող անցնել»,–հունիսի 12–ին խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պնդելով, թե օֆշորային գոտում իր անունից ընկերություն բացելով՝ ինչ–որ անձինք ցանկացել են իրեն վարկաբեկել։

Տիգրան Սարգսյանի այս արդարացումը, սակայն, գործարար Փայլակ Հարապետյանը խելամիտ չի համարում։

–Ո՞վ է գրանցել. իրե՛նք են գրանցել, էլ ո՞վ պիտի գրանցեր։ Բա ինչի՞ մեկը մեր անունով ընկերություն չի գրանցում ու գումարներ չի փոխանցում մեր հաշվին,–«7օր»–ի հետ զրույցում ասել է Փ. Հայրապետյանը։

Գործարարը նաև ընդգծել է, որ եթե իրականում Տիգրան Սարգսյանը կապ չունի, ապա թող գտնեն նրան վարկաբեկելու մտադրություն ունեցող այդ չարագործին և պատժեն։ Բայց միաժամանակ Փ. Հայրապետյանը հավելել է՝ եթե անգամ ընդունենք, որ այդ ենթադրյալ չարագործը Տիգրան Սարգսյանի անունով օֆշորում ընկերություն է գրանցել է, բայց այդ դեպքում անհասկանալի է՝ ինչո՞ւ է նաև 10 մլն դոլար փոխանցել նրա հաշվին։

–Հայաստանյան այսօրվա պայմաններում եթե մեկից 10 դրամ ես ուզում, չեն տալիս, 10 մլն էդ ո՞վ հենց այնպես կտա վարչապետին, որ նա վերցնի, ծախսի։ Ըտենց բան կլինի՞։ Ուրեմն ինչ–որ բան կա, չէ՞, որ ասում են՝ եթե ծուխը դուրս է գալիս, ուրեմն կրակ կա։ Դա հնարավոր չէ՝ պատահականություն լինի։ Ես որպես երկար տարիների գործարար՝ էդպիսի բան չեմ հիշում, որ մեկը հանի, հենց էնպես 10 մլն փող տա մյուսին–նշել է Փ. Հայրապետյանը։

Նա «7օր»–ին նաև տեղեկացրել է, որ «Հետք» էլեկտրոնային օրաթերթի հրապարակումն արտատպել է և նամակի տեսքով ուղարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2–րդին (Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի առումով) և «Ամերիա» բանկի հիմնադիր Ռուբեն Վարդանյանին։ Դատախազությունից էլ խնդրել է պարզել, թե ով է ծախսել իրենից հափշտակած գումարները և նրանից էլ պահանջել վճարել վարկը։

Փայլակ Հայրապետյանին, սակայն, մինչ օրս չեն հրավիրել դատախազություն՝ անգամ վարչապետ Տիգրան Սարգսյանի դիմումից հետո։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը