Լրահոս

13.06.2013 11:29


Հայկական ֆիլմը` Մոսկվայի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում

Հայկական ֆիլմը` Մոսկվայի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում
Ռեժիսոր Մարինե ԶԱՔԱՐՅԱՆԻ` Վիլյամ ՍԱՐՈՅԱՆԻ համանուն պատմվածքի մոտիվներով նկարահանած «ՓԱՍԻԱՆԻ ՈՐՍՈՐԴԸ» (պրոդյուսեր Հովհաննես ԳԱԼՍՏՅԱՆ, արտադրող` Պարալլելս Ֆիլմ) ֆիլմը ընդգրկվել է Մոսկվայի 35-րդ միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում:
Մոսկվայի ՄԿՓ-ը անցկացվելու է հունիսի 20–29–ը: Փառատոնի գլխավոր և կարճամետրաժ ֆիլմերի ժյուրին գլխավորելու է իրանցի հայտնի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Մոհսեն ՄԱՀՄԱԼԲԱՖԸ:
Փառատոնի գլխավոր մրցույթում «Սուրբ Գեորգի» մրցանակի համար պայքարելու են 16 ֆիլմեր: Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում ընտրված ֆիլմերը յոթն են, որոնց թվում է Հայաստանը ներկայացնող «ՓԱՍԻԱՆԻ ՈՐՍՈՐԴԸ» ֆիլմը: Եվս յոթ ֆիլմ մասնակցում են վավերագրական ֆիլմերի մրցույթին:
Փառատոնը բացվելու է ռեժիսոր Մարկ Ֆորստերի World War Z (Война миров Z), (ԱՄՆ, պրոդյուսերներ` Բրեդ Փիթ, Դեդե Գարդներ, Ջերեմի Կլեյներ, Յեն Բրյուս), գլխավոր դերում` Բրեդ Փիթ:
«ՓԱՍԻԱՆԻ ՈՐՍՈՐԴԸ» ռեժիսոր Մարինե ԶԱՔԱՐՅԱՆԻ առաջին ֆիլմն է: Այն նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի դեբյուտային ֆիլմերի աջակցության ծրագրով, նույնիսկ հայաստանյան կինոարտադրության համար` չնչին բյուջեով, սեղմ ժամկետներում և սահմանափակ տեխնիկական միջոցներով: Ֆիլմը աչքի է ընկնում դասական գրողի հանդեպ հոգատարության ու ինքնուրույն մեկնաբանության համադրմամբ, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների համարձակ կիրառմամբ: Ֆիլմի օպերատորն է Միհրան ՍՏԵՓԱՆՅԱՆԸ, կոմպոզիտորը` Լիլիթ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆՆ է, հնչունային ռեժիսորը` Լևոն ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ: Ֆիլմում նկարահանվել են. Սամվել ՎԱՐԴԱՆՅԱՆԸ (առաջին դերը կինոյում), Անի ԳԱԼՍՏՅԱՆԸ, Աշոտ ԱԴԱՄՅԱՆԸ, Նարինե ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, Կարեն և Սոս ՋԱՆԻԲԵԿՅԱՆՆԵՐԸ: Ապրիլին «ՓԱՍԻԱՆԻ ՈՐՍՈՐԴԸ» ստացել է ազգային կինոյի ՀԱՅԱԿ մրցանակը` ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵԲՅՈՒՏ անվանակարգում:
ՊԱՐԱԼԼԵԼՍ ՖԻԼՄ

Այս խորագրի վերջին նյութերը