Լրահոս

13.06.2013 10:34


Մարզիչը դիմել է Պաշտպանի գրասենյակ

Մարզիչը դիմել է Պաշտպանի գրասենյակ

Հռիփսիմե Վելիկյանն աշխատել է «Երևանի Արաբկիր համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ում` որպես գեղարվեստական մարմնամարզության մարզիչ: Վերջերս մարզադպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Պողոսյանն անհիմն կերպով իր նկատմամբ կիրառել է «նկատողություն» և «խիստ նկատողություն» կարգապահական տույժեր, ինչի կապակցությամբ Հ. Վելիկյանը դիմել էր ՀՀ աշխատանքի պետական տեսչություն:
Տեսչությունում իրականացած լսումների արդյունքում, որին, ի դեպ, ներկա է եղել միայն Հ. Վելիկյանը, քանի որ գործատուն չի ներկայացել, պարզվել է, որ գործատուի կողմից /Ա. Պողոսյան/ պարբերաբար խոչընդոտներ են ստեղծվել Հռիփսիմե Վելիկյանի աշխատանքային իրավունքներն իրականացնելու, աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունները պատշաճ կատարելու համար: Այդ մասին են վկայում նաև Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության կողմից «Թեժ գծով» ստացված զանգերի ուսումնասիրության արդյունքները:

Պարզվում է, որ Թեժ գիծ է զանգահարել մի անձնավորություն, ներկայացել որպես ծնող և հայտնել, որ Հռիփսիմե Վելիկյանն ապօրինի դրամահավաքություն է կատարում մարզադպրոցում, այնինչ Քաղաքապետարանի վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ զանգահարողն իրականում հենց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Պողոսյանն է, որը հեռախոսազանգը կատարել է իր իսկ բնակարանից:

Տեսչությունն արձանագրել է, որ գործատուի կողմից չեն պահպանվել աշխատանքային օրենսդրության պահանջները, և խախտվել են Հ. Վելիկյանի աշխատանքային իրավունքները և ՀՀ աշխատանքային օրենսդրության խախտումները վերացնելու, դրանք կանխարգելելու նպատակով «Երևանի Արաբկիր համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենին տրվել է նկատողությունները վերացնելու պարտադիր կատարման հանձնարարական: Մինչդեռ, Արթուր Պողոսյանը ոչ միայն չի իրականացրել նկատողությունները վերացնելու հանձնարարականը, այլև ընդմենը մեկ օր անց լուծել է Հռիփսիմե Վելիկյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը:

Հարկ է նշել, որ Աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ գործատուն աշխտողին կարող է աշխատանքից ազատել, եթե վերջինս աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չի կատարում, իսկ այդ հիմքով աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել միայն, եթե աշխատողն ունի առնվազն երկու չհանված կամ չմարված կարգապահական տույժ:
Իր խախտված իրավունքները վերականգնելու համար Հռիփսիմե Վելիկյանը դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին:
Հ. Վելիկյանի աշխատանքային պայմանագիրը լուծելու իրավաչափության կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով Պաշտպանի գրությանն ի պատասխան` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ պարտադիր կատարման հանձնարարական տալուց հետո Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը խնդրել է իրականացնել նոր վարչական լսումներ:
Տեսչությունում նոր վարչական լսումներ իրականացնելու ընթացքում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը ներկայացրել է նոր փաստաթղթեր: Դրանց ուսումնասիրության արդյունքում էլ փոխվել է Աշխատանքի պետական տեսչության դիրքորոշումը, ըստ որի` քաղաքացի Հ. Վելիկյանի նկատմամբ կարգապահական տույժերի կիրառումը և աշխատանքային պայմանագրի լուծումը համարվել են իրավաչափ:
Ներկայումս Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվում են Տեսչության կողմից նոր վարչական լսումներ իրականացնելու և դրանց` վարչական շրջանի ղեկավարի մասնակցության իրավաչափության հարցերը, որով պայմանավորված գրություն է պատրաստվում վերադաս մարմնին` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը