Լրահոս

12.06.2013 17:27


Տիգրան Սարգսյանը խուսափեց լրագրողների հարցերից. ինչո՞ւ

Տիգրան Սարգսյանը խուսափեց լրագրողների հարցերից. ինչո՞ւ

Ավանդույթի համաձայն՝ խորհրդարանական ամեն քառօրյայի երրորդ օրը՝ կառավարություն–ԱԺ հարցուպատասխանից հետո, ՀՀ վարչապետը ճեպազրույց է ունենում նաև լրագրողների հետ։ Այս ավանդույթը շատ երկար տարիների պատմություն ունի, և Տիգրան Սարգսյանի օրոք չէ, որ ստեղծվել է։ Սակայն այսօր Տիգրան Սարգսյանը, փաստորեն, խուսափեց լրագրողների հարցերին պատասխանելուց։ Իսկ նրան ուղղվելիք հարցերը բազմաթիվ են՝ հատկապես երբ օֆշորային աղմկահարույց պատմությունը թարմ է և արժանի պարզաբանման։

«7օր»–ը ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանից հետաքրքվել է, թե ինչո՞ւ վարչապետը չպատասխանեց լրագրողների հարցերին։ Ներկայացնում ենք մեր հարց ու պատասխանը՝ առանց կրճատումների.

–Ինչո՞ւ Տիգրան Սարգսյանը ճեպազրույցով հանդես չի գալիս։

–Խորհրդակցության է։

–Ի՞նչ խորհրադկացության։

–Աշխատանքային։

–Ո՞ւմ հետ, որտե՞ղ, ժամը քանիսի՞ն։

–Կառավարությունում խորհրդակցության է։

–Ո՞ւմ հետ։

–Ում հետ, չե՛մ ասի։ Փակ խորհրդակցություն է, որը լինելու է անմիջապես ԱԺ–ի նիստից հետո։

–Այսինքն՝ հետո այդ խորհրդակցության մասին կառավարության պաշտոնական կայքում որևէ տեղեկատվություն չի՞ տեղադրվելու։

–Ո՛չ։

–Ինչո՞վ վստահ լինենք, որ Տիգրան Սարգսյանն իրո՛ք խորհրդակցության է մեկնում, ոչ թե ուղղակի խուսափում է մեր հարցերին պատասխանելուց։

–Վարչապետը չի խուսափում հարցերին պատասխանելուց։ Մեկ։ Երկրորդ՝ օրվա մեջ լինում են բազմաթիվ խորհրդակացություններ կառավարությունում՝ վարչապետի գլխավորությամբ, որոնց մասին մենք մեր կայքում չենք հրապարակում։

–Օրինակ, մինչև այս ամսվա վերջը լրագրողները հնարավորություն կունենա՞ն վարչապետին հարցեր ուղղել, ասուլիս նախատեսվա՞ծ է։

–Այո՛, մենք նախատեսել ենք ասուլիս, դեռևս գրաֆիկի զբաղվածության պատճառով դրան չենք հասել։ Կլինի՞, բոլոր կայքերը, բոլոր լրատվամիջոցները կիմանան դրա մասին, պատշաճ ձևով կտեղեկացվեն, կմասնակցեն ասուլիսին։

–Ա՞յս ամսվա մեջ։

–Առաջիկայում։

–Առաջիկան ի՞նչ ժամանակահատված է ենթադրում։

–Ես ասում եմ՝ առաջիկայում։

–Անհայտ ժամկետո՛վ առաջիկայում։

–Ես ասում եմ՝ առաջիկայում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը