Լրահոս

12.06.2013 15:47


Լավրովն առայժմ տեղեկություններ չունի

Լավրովն առայժմ տեղեկություններ չունի

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատասխանել է հարցին, թե արդյոք ԱՄՆ քաղաքացի, ԿՀՎ տեխնիկական ծառայության աշխատակից Սնոուդենից քաղաքական ապաստանի հայտ ստացե՞լ են, և եթե ստանան, ինչպիսի՞ որոշում կընդունեն։ Լավրովն ասել է, թե նման հայտի մասին տեղեկություններ դեռևս չունի, և եթե հայտը լինի, քննարկման կդրվի, իսկ թե ինչ որոշում կընդունվի, հրաժարվել է գուշակել:

Ավելի վաղ «Կոմերսանտը», հղում անելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին, հայտնել էր, որ եթե Սնոուդենից քաղաքական ապաստան ստանալու հայտ ստացվի, այն կքննարկվի:

Հիշեցնենք, որ Էդվարդ Սնոուդենը գաղտնի հետախուզական տվյալների արտահոսք էր կազմակերպել, մասնավորապես նա հայտնել էր, որ ԱՄՆ իշխանություններին հասանելի են աշխարհի խոշորագույն համացանցային ընկերությունների սերվերներում պահպանվող տվյալները: ԱՄՆ իշխանությունները դեռ նրան մեղադրանք չեն առաջադրել, սակայն ԱՄՆ-ի Սենատը մտադիր է պարզել հեռախոսազանգերը գաղտնալսելու և անձնական նամակագրությանը հտևելու մասին տեղեկությունները: Այդ նպատակով Ազգային անվտանգության վարչության ղեկավար Քեթ Ալեքսանդրը հրավիրվել է Սենատի կազմակերպած լսումներին:

Արդարադատության նախարարությունը նույնպես սկսել է հետաքննել գաղտնի տեղեկությունների արտահոսքը:

ԱՄՆ-ի Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Ջեյմս Կլեպերը ընդունել է, որ ԱՄՆ իշխանություններն իրոք տեղեկություններ են ստանում համացանցային ընկերությունների օգտատերերի մասին, սակայն հավելել է, որ դա միայն արտասահմանցիներին է վերաբերում:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման էլ, անդրադառնալով այս թեմային, նշել է, թե գաղտնի ծառայությունները կարողանում են հավասարակշռություն պահպանել ազգային անվտանգության շահի և քաղաքացիների անձնական ազատության միջև:

Ինչ վերաբերում է Սնոուդենին, ապա նա մայիսի 20-ին ժամանել էր Հոնգ Կոնգ, սակայն հունիսի 10-ին անհետացել էր հյուրանոցի իր համարից, և հայտնի չէ, թե այժմ որտեղ է: Ավելի ուշ տեղեկություններ հայտնվեցին, թե հնարավոր է՝ նա Իսլանդիայից քաղաքական ապաստան խնդրի։

Այս խորագրի վերջին նյութերը