Քաղաքական

12.06.2013 15:41


«Բարգավաճ Հայաստանը» դեմ է քվեարկելու բյուջեի 2012թ. կատարողականին

«Բարգավաճ Հայաստանը» դեմ է քվեարկելու բյուջեի 2012թ. կատարողականին

Խորհրդարանն այսօր ավարտում է 2012թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումը: Իր ելույթում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը հիշեցրել է, որ համաձայն պաշտոնական տեղեկատվության՝ 2012թ. գրանցվել է 7,2% տնտեսական աճ, արտահանումն աճել է 7%-ով, իսկ ներմուծումը՝ 2,9%-ով:

Սակայն մեկ բան հստակ է՝ աճի այս տեմպերի հետևում բնակչության կենսամակարդակի իրական աճ ուղղակի գոյություն չունի՛: Ավելին՝ որքան պաշտոնական թվերով բարելավվում է մեր տնտեսության վիճակը, նույնքան ու ավելի մեծ պրոգրեսիայով վատթարանում է ժողովրդի վիճակը,–ընդգծել է ԲՀԿ–ական պատգամավորը:

Նրա խոսքերով՝ այսօրվա մեր իրականությունը աղքատության խորացումն է, սոցիալական և առողջապահական անպաշտպան վիճակը, խորացող արտագաղթը, գործազրկությունը, շեշտակիորեն նվազած օտարերկրյա ներդրումները:

–Այս ամենին գումարվում է երկնիշ գնաճը՝ հատկապես առաջին անհրաժեշտության կենսաապրանքների դեպքում,–հավելել է Վ. Բաբայանը:

Նա պետական կառավարման անարդյունավետության տիպիկ օրինակ է համարում Արմավիրի մարզի աղետալի կարկուտից հետո ստեղծված իրավիճակը.

–Ըստ էության, արտակարգ իրավիճակների կառավարման համակարգը անպատրաստ էր դիմակայելու կամ գոնե մեղմացնելու աղետը: Ինչ վերաբերում է գյուղացիական վարկերին և դրա աննախադեպ բարձր տոկոսադրույքներին, ապա նշեմ, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից դեռևս 2013թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ կառավարությանն առաջարկվել էր գոնե կրկնապատկել այդ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծավալը, սակայն մեր առաջարկը, ինչպես և մյուսները, մնացին անարձագանք: Եվ այսօր իրավիճակն այն է, որ 2012թ. գյուղացիական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կազմել է ընդամենը շուրջ 300 մլն դրամ, իսկ 2013թ. նախատեսվել է 640 մլն դրամ կամ մեկ գյուղացիական տնտեսության հաշվով 2 հազ. դրամ տարեկան:

ԲՀԿ–ական պատգամավորը նաև ուշադրություն է հրավիրել, որ ՀՀ կառավարությունը մեծածավալ ֆինանսական միջոցներ է ծախսել Գյումրու տեխնոպարկի իբր ստեղծման վրա, իսկ արդյունքներն առայսօր չկան: Խոսքը մի քանի հարյուր միլիոն դրամի մասին է:

Ինչ վերաբերում է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը, կարելի է վստահաբար ասել, որ ՀՀ կառավարությունն այն ուղղակի ձախողել է: «Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի» այսպես կոչված կանոնադրական հիմնախնդիրների իրականացմանը, որպես պետական աջակցություն, տրամադրվել է 264 մլն դրամ: Սա այն հիմնադրամն է, որի կողմից ձեռք են բերվել հայտնի 2 բիոզուգարանները, հիշեցնեմ՝ առ այս պահը չաշխատող բիոզուգարանները,–հավելել է Վ. Բաբայանը:

Նրա խոսքերով՝ հին-նոր այս կառավարությունը ժառանգել էր 23% աղքատության մակարդակ ունեցող պետություն, իսկ այսօր աղքատության տոկոսը մոտ 36 է: Միայն պաշտոնական տվյալներով՝ վերջին 5 տարիներին ՀՀ–ն լքել է մոտ 200 հազար քաղաքացի:

Արտագաղթն այլևս երկրի ազգային անվտանգությանը վտանգող լրջագույն մարտահրավեր է: Ինչպես նաև երկրի ազգային անվտանգությանը լրջագույն մարտահրավեր է Հայաստանի արտաքին պարտքը: Դա այլևս մեր մի քանի սերունդների պարտքն է: Ես ուզում եմ կրկնել, որ «Բարգավաճ Հայաստանը» երբեք ու երբեք ու որևէ անձի հետ կամ անձի դեմ խնդիր չի ունեցել և չունի: Մենք ասում ենք՝ երկրի առջև ծառացած սոցիալ-տնտեսական մարտահրավերները լուծելու համար ընտրված տնտեսական քաղաքականության թիրախներն անարդյունավետ են: Դրա հետևանքը օրավուր աղքատացող քաղաքացին է, երկիրը լքող քաղաքացին է, հույսն ու հավատը կորցրած քաղաքացին է, և որ ամենացավալին է՝ իր հայրենիքում իր ապագան կառուցելու հույսը կորցրած երիտասարդն է:

Կարծում եմ՝ հասկանալի է, որ «Բարգավաճ Հայաստանը» չի կարող կողմ քվեարկել մի ծրագրի կատարողականի, որը, ըստ էության, տապալվել է: «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը քվեարկելու է դե՛մ ներկայացված կատարողականին,–եզրափակել է Վ. Բաբայանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը