Տնտեսական

12.06.2013 12:25


Ջրի սակագինը բարձրանում է՝ իջնելով. պատճառը էլեկտրաէներգիայի թանկացումն է

Ջրի սակագինը բարձրանում է՝ իջնելով. պատճառը էլեկտրաէներգիայի թանկացումն է

Մի քանի ժամից Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկելու է «Երևան ջուր» ընկերության ներկայացրած հայտը՝ հուլիսի 9–ից 1 խորհանարդ մետր ջրի սակագինը մոտ 170 դրամ սահմանելու մասին։

Ինչպես հայտնի է, գործող ծակագինը 174 դրամ է, բայց դեռևս փետրվարի 28–ին «Երևան ջուր» ընկերությունը դիմել էր ՀԾԿՀ–ին՝ սակագինը 166 դրամ դարձնելու հայտով։ Եվ եթե հանձնաժողովն այսօր հաստատի 170 դրամ սակագինը, ապա, փաստորեն, կստացվի, որ ջրի սակագինը բարձրանում է՝ իջնելով։ Այսինքն, շարքային սպառողների համար ջրի սակագինը գործողի համեմատ նվազելու է 4 դրամով, բայց «Երևան ջուր» ընկերության ներկայացրած հայտի համեմատ՝ բարձրանալու է 4 դրամով։

«7օր»–ի հետ զրույցում «Երևան ջուր» ընկերության ԶԼՄ–ների հետ կապերի պատասխանատու Մուրադ Սարգսյանն այս խառնաշփոթ իրավիճակը հետևյալ կերպ է բացատրել։

–Գոյություն ունի կարգ՝ համաձայն որի մենք ամեն տարի պարտավո՛ր ենք ճշգրտման սակագին ներկայացնել ՀԾԿՀ–ին։ Մեր հայտը նախատեսում էր 8 դրամով իջեցում, այսինքն՝ գործող 174 դրամի փոխարեն՝ 166 դրամ։ Բայց փետրվարին հայտնի չէր՝ էլեկտրաէներգիան կթանկանա՞ր, թե՞ ոչ։ Իսկ «Երևան ջուր»–ը շատ մեծ քանակով էլեկտրաէներգիա է սպառում, դրա համար էլ էլեկտրաէներգիայի թանկացումը, իհարկե, պետք է ազդեր նաև ջրի սակագնի վրա։ Եթե չթանկանար էլեկտրաէներգիան, ջրի այլ սակագին այսօր կքննարկվեր։

Մեր հարցին՝ ինչպե՞ս է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պայմաններում ջրի սակագինը գործողի համեմատ այդուհանդերձ իջնում, Մ. Սարգսյանը պատասխանել է.

–Հենց այդ է, որ մենք այնպես ենք մեր ծախսերն ու եկամուտները կազմում, որ կարողանում ենք չնայած թանկացմանը՝ միևնույն է, իջեցնել սակագինը։ Չորս գործոն կա՝ էլեկտրաէներգիայի թանկացում, ինֆլյացիա, եվրո–դրամ հարաբերություններ և վաճառվող ջրի ծավալներ։ Եթե դրանք չփոփոխվեն, մենք ավելի շատ կարող ենք իջեցնել ջրի սակագինը, բայց, ցավոք, այս 4 գործոններն ազդում են։

Մ. Սարգսյանն անկեղծացել է, որ, բնականաբար, իրենց այնքան էլ հաճելի չէ ջրի սակագնի իջեցումը, բայց դե «Երևան ջուր»–ն այսպիսով իրականացնում է տարեցտարի սակագնի նվազեցման իր պարտավորությունը։

Նրա խոսքերով՝ այս տարիներին ընկերությունը մոտ 3 անգամ կրճատել է էլեկտրաէներգիայի սպառումը, այլապես դրա ներկա թանկացումը շատ ավելի մեծ ազդեցություն կունենար ջրի սակագնի վրա։

Ինչ վերաբերում է գազի թանկացմանը, ապա այն որևէ ազդեցություն չի ունեցել ջրի սակագնի վրա, քանի որ ջուր մատակարարելու համար ընկերությունը գազ գրեթե չի սպառում։

Ջրի սակագնի ճշգրտման հայտով «Երևան ջուրը», սահմանված կարգի համաձայն, պարտավոր է հաջորդ անգամ դիմել փետրվար ամսին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը