Լրահոս

12.06.2013 12:19


Ուրիշ մեկի մեջ արտաքին հենարան փնտրելու սովորությունը

Ուրիշ մեկի մեջ արտաքին հենարան փնտրելու սովորությունը

Ուրիշ մեկի մեջ արտաքին հենարան փնտրելու սովորությունը բնորոշ է մեզ, իսկ այդօրինակ հենարանը գտնելու պարագայում էլ անմիջապես դրա վրա ենք բարդում այն պատասխանատվությունը, որն ինքներս պետք է կրենք մեր սեփական կյանքի, հիմարության, ծուլության, անհաջողությունների ու սխալների համար: Այն պահից, երբ սկսվում է նման հենարանի փնտրտուքը, մարդը կորցնում է ազատ լինելու պահանջը և արդեն պատրաստ է իր, այլևս զուտ ձևականորեն գոյություն ունեցող ազատությունը փոխարինել այդ փնտրվող հենարանի քմահաճույքներին հանձնվելու ստորացուցիչ, բայց կուշտ հեռանկարով: Այդուհանդերձ, զարմանք է հարուցում այն, որ թեև շատ վաղուց ենք լիովին լծվել արտաքին հենարան հայթայթելու գործին, ի ծնե մեզ տրվող ազատ լինելու ներքին պահանջը դեռ լիովին չի վերացել գենետիկ մակարդակում և մեզանում, ստիպված, այն արմատախիլ ենք անում համապատասխան «դաստիարակության» միջոցով: Գուցե սարսափեցնում է այդ փնտրտուքը դեպի ներս ուղղելու և այդքան ցանկալի հենարանը հենց մեր մեջ գտնելու միտքը և այդ է պատճառը, որ շատերը գերադասում են իրենց ժամանակը վատնել բութ ինքնանսեմացմանը տրվելով` ստորացնելով այն միակ բանը, որ կարող է մարդու համար հենարան լինել և ապրելու ընթացքում, և մեռնելիս: Այսպես էլ ապրում ենք հազար տարի:

Արման Մելիքյան

Այս խորագրի վերջին նյութերը