Լրահոս

12.06.2013 07:23


Անվտանգության ոլորտի բարեփոխումների թեմայով դասընթացի բացում ՀՀ ԱԳՆ-ում

Անվտանգության ոլորտի բարեփոխումների  թեմայով դասընթացի բացում ՀՀ ԱԳՆ-ում

Հունիսի 11-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ Անվտանգության ոլորտի բարեփոխումների թեմայով վերապատրաստման դասընթացի պաշտոնական բացումը, որին մասնակցեցին` Ավստրիայի պաշտպանության եւ սպորտի նախարարության պատվիրակությունը, ՀՀ գերատեսչությունների ու ԵԱՀԿ ներկայացուցիչները:

Դասընթացը կազմակերպվել է Հայաստանի ԱԳՆ, Ավստրիայի պաշտպանության եւ սպորտի նախարարության ու Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի կողմից: Այն անցկացվելու է Ծաղկաձորում հունիսի 11-14-ը, որի ընթացքում Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի մասը կազմող Անվտանգության ոլորտի միջազգային խորհրդատվական թիմի փորձագետները անվտանգության խնդիրներով զբաղվող ՀՀ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներին կդասավանդեն անվտանգության ոլորտի բարեփոխումների հայեցակարգի եւ դրա բովանդակության, հետհակամարտային միջավայրում բարեփոխումների ծրագրման եւ կոորդինացման, ինչպես նաեւ հիմնախնդրին առնչվող այլ հարցերի վերաբերյալ:

Իր ողջույնի խոսքում ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը կարեւորեց դասընթացի անցկացումը` նշելով, որ Հայաստանը ձեռնարկել է անվտանգության համակարգի լայնածավալ բարեփոխումներ: Միջոցառումներ են ձեռնարկվում ՀՀ զինված ուժերի եւ անվտանգության համակարգի այլ բաղադրիչների արդյունավետությունն ու որակական մակարդակը բարձրացնելու ուղղությամբ` առկա մարտահրավերներին, մասնավորապես՝ պետությանը եւ իր քաղաքացիներին ուղղված արտաքին սպառնալիքներին արձագանքելու դրանց կարողությունները ամրապնդելու նպատակով:

Իր ելույթում Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը ողջունեց սեմինարի մասնակիցներին եւ վստահություն հայտնեց, որ դասընթացն իր նպաստը կբերի Հայաստանի անվտանգության համակարգի բարեփոխումներին:

Այս խորագրի վերջին նյութերը