Կարծիք

11.06.2013 12:35


Քարեր հավաքելու ժամանակը

Քարեր հավաքելու ժամանակը

Հայաստանում առկա իրավիճակն արդեն ճակատագրական է դարձել և հասարակության մտածող հատվածն ունի պարտավորություններ ժողովրդի և պետության առջև: Այդ պարտավորությունները կարելի է երկու մասի բաժանել.

1) ստեղծված իրավիճակի համար տալ բոլորի համար ընդունելի գնահատական, որից պետք է բխի երկրորդ պարտավորությունը,
2) գեներացնել գործողություններ, որոնք պետք է լինեն վերկուսակցական և վերխմբային:
Գնահատականը կարող է լինել հետևյալը` երկրի նյութական և բարոյական ռեսուրսները այլևս կարելի է համարել սպառված: Եվս մի կարճ ժամանակ հետո կորուստները կլինեն անդառնալի: Կառավարման համակարգը չի գործում և ինքնաոչնչացման փուլում է և այլևս ի վիճակի չէ ինքնառեֆորմացվել: Հանրության լայն շերտերը հուսալքված են: Ինտելեկտուալները ապակողմնորոշված են և չունեն ընդունելի լուծումներ: Կառավարող նեղ խմբակը ադեկվատ չի: Ժամանակը պետության դեմ է աշխատում:
Պետությունը դեռևս իներցիայով գոյատևում է, որի հիմնական պատճառը աշխարքաղաքական դասավորվածությունն է: Հայաստանի անկումը լուրջ դեստաբիլիզացիա կլինի մեծ տարածաշրջանի վրա, սակայն հնարավոր է գա մի պահ, որ արդեն միջազգային ռեսուրսները չկարողանան ապահովել Հայաստանի իներցիոն գոյատևումը:

Իրավիճակից ելքը կարող է լինել հանրային մոբիլիզացիան, որի համար պետք է իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզ: Ելքը պետք է մշակվի միայն հանրային լայն քննարկումների արդյունքում, որի ընթացքում կուսակցությունները և տարաբնույթ խմբերը պետք է նեղ խմբակային շահերը մի կողմ դնեն և չմտածեն օգտվելով առիթից` իրենց համար լուծել «իշխանության» խնդիր: Լուծումները կարող են գործուն լինել միայն հանրային համերաշխության պայմաններում: Ստեղծված իրավիճակում ոչ մի խումբ չի կարող «օգտվել առիթից»: Լիդերության հարց ոչ ոք չպետք է փորձի լուծել: Ցանկացած «ազգային», «լիբերալ», «կրոնական», «գենդերային», «կուսակցական», «դասակարգային» և այլ տիպի դիսկուրսները այս պահին տարանջատման միջոցներ են, որոնք կարող է օգտագործվել ռեժիմը հանրությանը ապակողմնորոշելու և իր կյանքը մի քանի ամսով երկարաձգելու համար: Խորտակվող նավի վրա նման քննարկումները միայն ինքնաոչնչացման միջոցներ են:
Հանրային կազմակերպման համար առաջին հերթին անհրաժեշտ են հանրային հարթակներ, որոնք կարող են համերաշխության մթնոլորտ ստեղծել: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է զգա իր կարևորությունը, ունենա մասնակցելու հնարավորություն, որի հետևանքով նաև ունենա պատասխանատվության զգացում: Որոշումները պետք է ընդունվեն հրապարակային, առանց կուլիսային պայմանավորվածությունների:

Ստեփան Դանիելյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/stepan.danielyan?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը