Տնտեսական

10.06.2013 14:10


ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը դեմ քվեարկեցին օֆշորի վերաբերյալ նախագծին,ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը»՝ կողմ

ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը դեմ քվեարկեցին օֆշորի վերաբերյալ նախագծին,ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը»՝ կողմ

Ազգային ժողովի այսօրվա նիստում քվեարկությամբ մերժվեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությունը Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» օրենքի նախագիծը ԱԺ օրակարգ ընդգրկելու մասին հարցը: Դեմ էր քվեարկել կոալիցիան՝ ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, կողմ՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը»:
Նախագծով առաջարկվում էր 2014թ. հունվարի 1-ից հանքարդյունաբերության եւ արդյունաբերության ոլորտում հանքերի շահագործմամբ և այդ շահագործումից ստացվող հումքի ու պատրաստի արտադրանքի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող ընկերությունների կապիտալում արգելել այն ընկերությունների մասնակցությունը, որոնք գրանցված են օտարերկրյա օֆշորներում: Ինչպես նաև հումքի ու պատրաստի արտադրանքի արտադրությամբ եւ արտահանմամբ զբաղվող ընկերություններին արգելվելու էր արտադրանքի վաճառքը օֆշորներում գրանցված ընկերություններին:
Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում էր հանրապետությունում գրանցված հանքերի շահագործմամբ և այդ շահագործումից ստացվող հումքի ու պատրաստի արտադրանքի արտադրությամբ եւ արտահանմամբ զբաղվող ընկերություններին արգելել հումքի, նյութերի, սարքերի, սարքավորումների, տեխնիկայի, տեխնոլոգիաների, ֆինանսական եւ այլ ծառայությունների գնումները օֆշորային ընկերություններից:
Ըստ նախագծի հեղինակի` օֆշորային գոտիներ գործում են շուրջ 4 տասնյակ երկրներում: Դրանք ստեղծում են ոչ միայն թերզարգացած, այլ նաեւ զարգացած երկրները:
Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունները օգտվում են այդ գոտիներում սահմանված հարկային արտոնություններից` պայմանով, որ նրանք տնտեսական գործունեություն չեն ծավալելու այդ գոտիներում:
«Կիպրոսի դեպքերը ցույց են տալիս, որ օֆշորային գոտիները լուրջ արգելք են դարձել համաշխարհային տնտեսության զարգացման համար: Նրանք վերաբաշխում են այլ երկրների բյուջեներին պատկանող միջոցները: Հայաստանում գործող հանքարդյունաբերական ձեռնարկություննեպի օրինակը եւս ցույց է տալիս, որ հաճախ նրանք պատրաստի արտադրանքը վաճառում են իրենց իսկ պատկանող օֆշորային ընկերություններին էժան գներով, իսկ վերջիններս արդեն իսկական եւ թանկ գներով վաճառում են այդ արտադրանքը վերջնական գնորդին»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը:

Հրան Բագրատյանի կարծիքով` այս ամենի հետևանքով է, որ, դատելով ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում հանքերի շահագործված ֆիզիկական ծավալներից, 1,5 մլրդ դոլարի համախառն շրջանառության փոխարեն ունենք 500 մլն եւ 400-450 մլն դոլար բյուջետային մուտքի փոխարեն ունենք միայն 75-80 մլն դոլար: «Օրինագծի ընդունումը թույլ կտա հանքարդյունաբերության ոլորտում հասնել նրան, որ, ինչպես բանկային ոլորտում սեւ փողերի լվացման պարագայում, ստվերային տնտեսությունը շեշտակի կկրճատվի»,- ասել է Բագրատյանը:

Այս խորագրի վերջին նյութերը