Լրահոս

07.06.2013 16:35


Կառավարության մոտ բողոքի գործողություն են իրականացրել «Հրազդան» առևտրի կենտրոնի աշխատակիցները

Կառավարության մոտ բողոքի գործողություն են իրականացրել «Հրազդան» առևտրի կենտրոնի աշխատակիցները

Այսօր կառավարության մոտ բողոքի գործողություն են իրականացրել «Հրազդան» առևտրի կենտրոնի աշխատակիցները։ Նրանք պահանջել են բացել առևտրի կենտրոնը և իրենց օրվա հացը վաստակելու հնարավորություն տալ։ Նրանց խոսքերով՝ հիմք ընդունելով դատարանի որոշումը՝ մեկ շաբաթ առաջ ոստիկանությունը փակել է առևտրի կենտրոնը։ Ըստ այդ որոշման՝ նրանց առևտուրն այնտեղ անօրինական է, և սա այն դեպքում, երբ ըստ ցուցարարների՝ 2013թ. մայիսի 18-ին իրենք անժամկետ լիցենզիա են ստացել։

«Հրազդան» առևտրի կենտրոնի աշխատակիցները նամակ են փոխանցել ՀՀ կառավարությանը, որում ասված է.

«ՀՀ Վարչապետ պարոն Տ. Սարգսյանին

«Լան» առևտրի կենտրոնում տնտեսական գործունեություն իրականացնող անհատ ձեռներեցներից

Մեծարգո պարոն վարչապետ,

Թվով 104 անհատ ձեռներեցներս նախկինում առևտուր են իրականացրել «Հրազդան» տոնավաճառում: Այս տարի տեղեկացել ենք, որ տոնավաճառի տարածքում քաղաքաշինական ծրագիր է իրականացվելու, որի արդյունքում առևտուր իրականացնող 104 անհատ ձեռներեցներս մեկ այլ վայր տեղափոխվելու խնդրի առաջ ենք կանգնելու: Հուսով ենք, որ այդ հարցը նաև Ձեր աջակությամբ պետք է լուծվել:

Խնդրի լուծումն ինքներս գտանք: Տեղեկանալով, որ տոնավաճառի հարևանությամբ գտնվող ք. Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 հասցեի թիվ 79 և 80 հասարակական տարածքներում արդիական պայմաններով կազմակերպված տոնավաճառի տարածք է առկա, որի սեփականատերը «Լան» ՍՊԸ-ն է և գտնվում է սնանկության գործընթացում, բայց առողջացման ծրագրի ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում:

Մենք դիմեցինք ընկերության սեփականատիրոջն ու սնանկության գործով կառավարչին և համատեղ փոխշահավետ համաձայնության եկանք` տեղափոխվել այդ տարածք ու մեր վարձավճարներին հաշվին նաև ընկերության առողջացման ծրագիրն իրականացվի: Սնանկության գործով կառավարիչ Նազարյանից տեղեկացել ենք, որ նա դիմել է «Լան» ՍՊԸ-ի անվամբ լիցենզիա ստանալու համար: Բանավոր համաձայնության հիման վրա առևտրի կենտրոնում մեծածավալ աշխատանքներ կատարվեցին առևտուր իրականացնելու լավագույն պայմաններ ստեղծելու համար: 18.05.2013թ. ստացվել է լիցենզիան, որի հիման վրա պայմանագրեր ենք կնքել «Լան» ՍՊԸ-ի հետ, դիմել հարկային մարմնին, ստացել ՀԴՄ-ներ ու մեր ապրանքներով հանդերձ տեղափոխվել նշված տարածք: Սկզբնական առևտրի համար մեր մատակարարներից նոր և արժեքավոր ապրանքներ են ձեռք բերել:

01.06.2013թ. Պետական եկամուտների քննչական վարչությունն ու օպերատիվ բաժինը ժամանել են տոնավաճառի տարածք և զննության անվան տակ կնքել մեր տաղավարները: Փաստացի մեր ունեցվածքը արգելանքի տակ հայտնվեց, մեզ արգելվեց առևտուր իրականացնել: Հենց այդ օրը ցանկանում էինք երթ կազմակերպել դեպի ՀՀ նախագահի նստավայր և մեր դժգոհությունները ներկայացնել այս ապօրինության դեմ, սակայն մեզ տեղեկացրին, որ հարցը այլ հարթության վրա է` արհեստականորեն ինչ-որ դատական քաշքշուկներ են ստեղծվել և իշխանությունների կողմից 1-2 օրում հարցին լուծում կտրվի: Տոնավաճառքի կազմակերպման ներկայացուցիչները մեզ խնդրեցին 1օր քայլերի չդիմել և այդ իսկ պատճառով մեր երթն այդ օրը տեղի չունեցավ:

Ներկայումս մեզ համար աշխատատեղ ստեղծած 104 անհատ ձեռնարկատերերիս գույքն արգելանքի տակ է, մենք անգործության ենք մատնված և ամեն օր վնասներ ենք կրում: Մեր մատակարարները ստեղծված իրավիճակից ահաբեկված, օրական մի քանի անգամ մեզնից հարցի լուծման հետ կապված երաշխիքներ են պահանջում, մեր հաճախորդներին կորցնում ենք և պարտքերի տակ ընկնելով ստիպված կլինենք արտագնա աշխատանքի ճանապարհը բռնել: Խնդրում ենք հանձնարարել հարցին անհապաղ լուծում տալ:

Կանխավ շնորհակալ ենք և հուսով ենք, որ հարցին դրական լուծում կտրվի: Կից ներկայացվում է «Լան« ՍՊԸ-ի հետ կնքած պայմանագրի հիման վրա ք.Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 հասցեում առևտուր իրականացնող անհատ ձեռներեցներիս ցուցակը»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը