Լրահոս

09.07.2009 15:16


«Հացպանյանի նկատմամբ իրականացվածը աննախադեպ երևույթ է»,– կարծում է Ավետիք Իշխանյանը

«Հացպանյանի նկատմամբ իրականացվածը աննախադեպ երևույթ է»,– կարծում է Ավետիք Իշխանյանը

-Շատերը Սարգիս Հացպանյանի գործը նույնացնում են մարտի 1-ի գործերի հետ։ Իհարկե, դրանք առնչություն ունեն, բայց  իրավական տեսակետից բավականին տարբեր են,-ասել է «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ԻՀԿ-ի նախագահ Ավետիք Իշխանյանը։

«Ուրբաթ» ակումբում հրավիրված մամլո ասուլիսում Ա. Իշխանյանը նշել է, թե Հացպանյանի նկատմամբ իրականացվածն աննախադեպ երևույթ է, քանի որ սուտ մատնության համար Հայաստանում որևէ մեկին այսպիսի պատժի չեն ենթարկել՝ չեն դատապարտել 3,5 տարվա ազատազրկման։

-Քանի որ Հացպանյանի փաստաբան Հովիկ Արսենյանը ծանրաբեռնված է եղել այլ գործերով, մենք այս գործում ներգրավեցինք նաև Ռոբերտ Ռևազյանին,- ասել է Իշխանյանը։

Փաստաբանների պալատի անդամ Ռոբերտ Ռևազյանն ասել է, թե սուտ մատնությունն իրենից միջին ծանրության հանցագործություն է ներկայացնում, ու նշել է, որ գործում ծանրացուցիչ հանգամանք չի եղել, ավելին՝ եղել է մեղմացուցիչ հանգամանք.

-Դա այն է, որ Սարգիս Հացպանյանն իր խնամքի տակ ունի երկու անչափահաս երեխա,- նշել է փաստաբան Ռ. Ռևազյանն ու հավելել, թե դատարանի կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ Հացպանյանը ղարաբաղյան պատերազմի տարիներին թողել է Ֆրանսիայի բարեկեցիկ կյանքը և եկել Ղարաբաղ։

Նշենք, որ Ս. Հացպանյանի նկատմամբ համաներում չի կիրառվելու, քանի որ նա դատապարտված է 3,5 տարվա ազատազրկման, իսկ որպեսզի համաներումը տարածվեր նրա վրա, պետք է 3 տարվա ազատազրկման ենթարկված լիներ։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը նույն հարցի վերաբերյալ հետևյալ կարծիքն է արտահայտել.

-Նեղացած են Հացպանյանից, հաշվեհարդարի խնդիր կա, դրա համար չեն համաներում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը