Լրահոս

07.06.2013 13:54


Ինչպե՞ս է տեսանյութը հայտնվել «Ա1+»–ում

Ինչպե՞ս է տեսանյութը հայտնվել «Ա1+»–ում

Ինչպես հայտնի է, «Ա1+»-ը մի տեսանյութ էր տարածել, որտեղ պատկերված է Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպը։ «7օր»–ն այդ տեսանյութի հետ կապված պարզաբանումներ է ցանկացել ստանալ պատկան մարմիններից, սակայն ապարդյուն։ ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանդյանը նախ առավոտվանից չէր պատասխանում հեռախոսազանգերին, իսկ երբ կապի դուրս եկավ՝ հրաժարվեց մեկնաբանություններից։

–Ես հիմա շատ զբաղված եմ, հետո խոսենք, լա՞վ։ Իմ տեղակալն այդ մասին բացատրություններ տվել է՝ արդեն մենք տարբեր լրատվամիջոցներով 10 անգամ բացատրություն տվել ենք, նույն բանը 100 անգամ չենք կրկնելու,–ասաց Գ. Կոստանդյանը։

Նշենք, սակայն, որ մինչ այս պահը որքան էլ լրատվամիջոցներում փնտրեցինք զինդատախազի նշած բացատրությունները, այդպես էլ չգտանք, իսկ մեր հետագա զանգերին Գևորգ Կոստանդյանը կրկին սկսեց չպատասխանել։

Վերոնշյալ տեսանյութի հետ կապված մեկնաբանություններից հրաժարվեց նաև ՀՀ գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը՝ առաջարկելով կապ հաստատել վարույթն իրականացնող մարմնի՝ ՀՀ Պաշտպանության նախարարության հատուկ քննչական ծառայության հետ։

–Այդ տեսանյութը ՊՆ քննչական վարչությունում է ուսումնասիրվում, և ես չեմ կարող իրենց փոխարեն ասել՝ դա այդ տեսանյո՞ւթն է, այդ տեսանյո՞ւթը չէ,–նշեց Ս. Տռուզյանը։

Սակայն առավոտվանից չի հաջողվում կապ հաստատել նաև ՊՆ հատուկ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանի հետ։ Նա չի պատասխանում ո՛չ քաղաքային, ո՛չ էլ իր բջջային հեռախոսազանգերին։

Փորձեցինք նաև «Ա1+»–ից մանրամասներ ստանալ տեսանյութի հետ կապված։ Մեր հարցին ի պատասխան՝ պրոդյուսեր Սուսաննա Օհանջանյանն ասաց, որ Սյունիքի նախկին մարզպետի տան բակում տեղի ունեցածը պատկերող տեսանյութում առկա մոնտաժը (կարմիր սլաքները, գրությունները) իրենցն է։

–Այո՛, մենք ենք արել, որովհետև չէր հասկացվում։ Մոտնաժել ենք՝ օգտվելով մարզպետարանի տարածած հաղորդագրությունից,–ասել է նա։

«Ա1+»–ի պրոդյուսեր Սուսաննա Օհանջանյանը, սակայն, հրաժարվեց ասել, թե որտեղի՞ց են ձեռք բերել այդ տեսանյութը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը