Լրահոս

07.06.2013 12:58


Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Լատվիայի նախագահի հետ

Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Լատվիայի նախագահի  հետ

Ռիգայում հունիսի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը ընդունեց Լատվիայի նախագահ Անդրինս Բերզինշը:

Ողջունելով Հայաստանի ԱԺ նախագահին եւ պատվիրակության անդամներին` Լատվիայի նախագահը բարձր գնահատեց հայ-լատվիական փոխգործակցության ներկա մակարդակը, Հայաստանի եւ Լատվիայի միջեւ հաստատված հարաբերությունները, որոնք կարեւոր գրավական են տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացման եւ խորացման համար: Երկկողմ կապերը խորացնելու առումով Անդրինս Բերզինշը կարեւորեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Լատվիա` անհրաժեշտ համարելով միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը, երկկողմ շփումների ակտիվացումը, նաեւ համագործակցության խորացումը տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի եւ այլ բնագավառներում: Այս համատեքստում Լատվիայի նախագահը կարեւորեց կոնկրետ ծրագրերի իրականացումը: Նախագահ Բերզինշը ընդգծեց, որ Լատվիան սատարում է Հայաստանին եվրաինտեգրման գործընթացում եւ առաջարկեց Լատվիայի աջակցությունը ու փորձը այս հարցում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ասաց, որ Հայաստանի իշխանություննրը մեծ կարեւորություն են տալիս Բալթյան երկրների եւ, մասնավորապես, Լատվիայի հետ բարձր մակարդակի շփումներին եւ գոհունակությամբ նշեց, որ վերջին ժամանակաշրջանում հայ-լատվիական քաղաքական օրակարգը բավական հագեցած է եղել: Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ իր այցի ընթացքում Լատվիայի Սաեյմայի ղեկավարի հետ պայմանավորվածություն է ձեռքբերվել խորհրդարանների միջեւ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ, իսկ վարչապետի հետ հանդիպման ժամանակ երկուստեք կարեւորվել է տնտեսական հարաբերություններին երկարաժամկետ եւ փոխշահավետ բնույթ հաղորդելու անհրաժեշտությունը: Պարոն Աբրահամյանի խոսքով` Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ԵՄ անդամ երկրների եւ խորհրդարանների հետ հարաբերությունների զարգացմանը, իսկ Արեւելյան գործընկերությունը որակական այլ հարթություն է տեղափոխում եվրոպական երկրների հետ փոխգործակցությունը` նոր հեռանկարներ բացելով Հայաստանի համար եւ այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովը եւ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը կարեւոր հիմք կհանդիսանան փոխհարաբերությունների հետագա խորացման համար: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը կարեւորեց երկկողմ առեւտրատնտեսական կապերի աշխուժացումը, այս համատեքստում նշելով, որ դրանց մակարդակը չի արտացոլում համագործակցության համար առկա ներուժը: Նա կարեւորեց միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ ԼՂ հիմնախնդրին, տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցերի: Պարոն Աբրահամյանը շեշտեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Հայաստանը տեսնում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում` խաղաղ բանակցությունների արդյունքում: Լատվիայի նախագահը նույնպես կարեւորեց հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս, երկուստեք կարեւոր համարվեց միջազգային կառույցներում համագործակցության խորացումը:

Այս խորագրի վերջին նյութերը