Լրահոս

07.06.2013 19:49


«Նվիրե՛նք անհոգ մանկություն» խորագրով բարեգործական միջոցառում-դրամահավաք

«Նվիրե՛նք անհոգ մանկություն» խորագրով բարեգործական միջոցառում-դրամահավաք

Հունիսի 8-ին և 9-ին՝ ժամը 17:00-21:00–ը, Մ. Բաղրամյան 21 հասցեում գտնվող Սիրահարների այգում «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը կազմակերպում է բարեգործական միջոցառում:

Միջոցառման նպատակը 6 տարեկան Մարիամ Այվազյանի վիրահատության համար դրամահավաքն է: Ակցիայի ընթացքում երեխաներին զբաղեցնելու և ուրախացնելու նպատակով նախատեսվում է կազմակերպել պարի խմբի ելույթ, խաղեր, նվերների հանձնում, քաղցրավենիքի և խմորեղենի հյուրասիրություն, արձանիկների ներկում, նկարչություն, ինչից հետո այգին կզարդարվի երեխաների նկարներով:

Այս միջոցառումը «Օգնենք հայ մանուկներին» կազմակերպության կողմից կազմակերպվող թվով երկրորդ նման միջոցառումն է: Կազմակերպությունը սիրով սպասում է բոլորին՝ միասին անցկացնելու հաճելի ժամանակ և դրանով իսկ բարի գործ կատարելու և կոչ է անում անտարբեր չմնալ օգնության կարիք ունեցող երեխաների նկատմամբ:

Փոքրիկ Մարիամը 6 տարեկան է: Ի ծնե տառապում է գանգադիմային հիվանդությամբ, ախտորոշումը՝ «Կռուզոնի» գանգադիմային դիզոստոզ: Երեխայի մոտ հիվանդությունը նկատվել է ծնվելուց անմիջապես հետո: Հետագայում հիվանդությունն ավելի է խորացել: Այն արտահայտվում է ներգանգային բարձր ճնշմամբ, ինչի հետեւանքով աչքերը դառնում են խիստ արտահայտիչ եւ դուրս են գալիս ակնախոռոչներից: Երեխային անհրաժեշտ է շտապ վիրահատություն Մոսկվայում, քանի որ ՀՀ-ում նման վիրահատություն չի իրականացվում: Անհրաժեշտ գումարը բավական մեծ է, որքան՝ ծնողները հստակ չգիտեն, քանի որ երեխան նախ պետք է հետազոտվի: Երեխայի նկարն ու բժշկական փաստաթղթերը կարող եք գտնել այստեղ՝ (https://www.facebook.com/media/set/?set=oa.538512472855065&type=1)

Բոլոր ցանկացողները կարող են նաև իրենց օգնությունը ցույց տալ փոքրիկին` գումար փոխանցելով նրա հաշվեհամարներին՝ Areximbank – 23800 27361020100: Հաշվեհամարները բացված են փոքրիկի մոր՝ Լուսինե Մուրադյանի անունով:

«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը