Կարծիք

06.06.2013 11:44


Կարեն Թովմասյան. «Սարգսյանի ելույթն ինձ հիշեցրեց բրևժնևյան ժամանակաշրջանի լճացման տարիները»

Կարեն Թովմասյան. «Սարգսյանի ելույթն ինձ հիշեցրեց բրևժնևյան ժամանակաշրջանի լճացման տարիները»

Ինձ ստիպեցի ու մի քանի րապե լսեցի Սերժ Սարգսյանի ելույթը Ազգային անվտանգության խորհրդի նիստում: Կարծում եմ՝ այդ մարդը լրիվ կորցրել է իրականության զգացողությունը, կամ էլ ինքն իրոք հավատում է այն ստին, որում նաև մեզ է ցանկանում համոզել։ Հնարավոր է նաև, որ նրան խորապես հավատացրել են, ավելի ճիշտ՝ խաբել, թե այն, ինչ ինքն ասում է, համապատասխանում է իրականությանը:

Սարգսյանի ելույթն ինձ հիշեցրեց բրևժնևյան ժամանակաշրջանի լճացման տարիները, երբ զառամախտով հիվանդ առաջնորդին հավատացնում էին, թե երկիրը ծաղկում է. և երբ թուղթը դնու մ էին նրա առջև, զառամյալ առաջնորդը, առանց հասկանալու, թե ինչ է կարդում, փորձում էր խորհրդային կայսրության բազմամիլիոնանոց բնակչությանը հասկացնել մի բան, ինչն անձամբ ինքը չէր հասկանում:

Խոսքերս ավելի հիմնավոր դարձնելու համար տեքստի մեջ կօգտագործեմ մեջբերումներ հենց Սերժ Սարգսյան նշված ելույթից: Այսպես, Սարգսյանը հայտարարեց. «Այո՛, Հայաստանի տնտեսական աճի տեմպերը 2012-ին գերազանցել են հարևան բոլոր երկրներին: Ի համեմատություն բնական պաշարներով հարուստ մի շարք երկրների, այդ թվում նաև մեր հարևանների, Հայաստանում տնտեսական փոխակերպումը և տնտեսության դիվերսիֆիկացիան իրական պտուղներ են տալիս: Արդյունքում՝ Հայաստանը 2012թ. աշխարհի 188 երկրների մեջ ամենամեծ տնտեսական աճ ապահոված 23-րդ երկիրն էր:

Սա թույլ տվեց ի վերջո վերականգնել նախաճգնաժամային վիճակը: Ընդ որում` տնտեսության բոլոր հիմնական ճյուղերի աճի հաշվին»:

Չես հասկանում՝ մարդն իրոք չի՞ ըմբռնում, թե ինչ է ասում, թե՞ ուղղակի տեսնում է, որ անտարբեր հասարակության պայմաններում կարող է ասել, ինչ սուտ որ մտքով կանցնի, և կարող է անարգել ծաղրել հասարակությանը:

Լավ, եթե Հայաստանում ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է իրականում ամեն ինչ այդքան վատ: Եթե տնտեսությունը այդքան զարգանում է, ապա ինչո՞ւ է աղքատության ցուցանիշը այդ զարգացող երկրում երկրաչափական պրոգրեսիայով աճում: Եվ եթե ամեն ինչ այդքան լավ է, ի՞նչ է՝ մեր երկրի բնակիչները խե՞նթ են, որ րոպե առաջ, անգամ ոտքով ճանապարհ ընկնելու միջոցով, ձգտում են լքել այդ ծաղկող, ու տենտեսապես զարգացող երկիրը: Եթե տնտեսությունը այքան զարգանում է, այդ դեպքում ինչո՞ւ ենք մենք ապրում այդքան վատ. միթե զարգացող երկրում նվազագույն աշխատավարձը կարող է լինել 35 000 դրան, իսկ նվազագույն կենսաթոշակը՝ դրանից էլ պակաս։

Ո՞ւմ եք ծաղրում. միթե՞ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման այս դարում, միջազգային բազմաթիվ փոխայցելությունների պայմաններում հնարավոր է այդպես լկտիաբար ծաղրել սեփական ժողովրդին:

Սարգսյանը մեր դարդը թողած՝ իբր թե Ադրբեջանի դարդն է լացում։ Ֆրեյդի «Անձի հոգեվերլուծության տեսության» համաձայն սեփական հոգեվիճակը հակառակորդի վրա պրոյեկտելով՝ նշում է.

«3-4 տարուց տարածաշրջանում պատկերը լիովին փոխվելու է: Մենք պետք է պատրաստ լինենք դրան: Փորձագետներն ադրբեջանական անխուսափելի ֆիասկոյին արդեն երկու-երեք տարուց են սպասում»:

Իսկ ինչ է՝ Ադրբեջանի վիճակն ավելի՞ տխուր է, քան մերը։ Կամ առհասարակ՝ մերից տխուր վիճակ տարածաշրջանի երկրներից ո՞ր մեկում կարե՞լի է տեսնել: Ադրբեջանում համենայնդեպս ամեն տարի 100 000 մարդ անվերադարձ չի արտագաղթում երկրից, տնտեսությունը չի դոփում տեղում, և հետընթաց չի գրանցում:

Այո, 3-4 տարուց տարածաշրջանում պատկերը լիովին փոխվելու է. եթե ոչինչ Հայաստանում չձեռնարկենք, փոխվելու է ոչ ի նպաստ Հայաստանի, որովհետև եթե արտագաղթի այս չափանիշները պահպանվեն, 3-4 տարի անց Հայաստանի բնակչությունը կդատարկվի 300-400 հազ.–ով, ինչը չի կարող չազդել տարածաշրջանում ուժերի հարաբերակցության վրա:

Սարգսյանը, շարունակելով Ադրբեջանի «դարդը լացել»՝ նշում է. «Շարժվելով դասական բռնապետության կանոններով՝ այդ երկրի իշխանությունները զբաղված են միայն սեփական ժողովրդին հայկական թշնամու կերպարի հրամցմամբ, գարշահոտ պատկերացումներ տարածելով մեր մասին: Մինչդեռ հենց Ադրբեջանում դրված հասարակական-քաղաքական և տնտեսական ականներն են սպառնում պայթել, և պայթել շատ արագ ու կարծես՝ միաժամանակ»:

Իսկ ինչ է՝ նույնը Հայաստանի՞ իշխանությունները չեն անում։ Մի՞ թե սեփական բոլոր դժբախտությունները չեն բարդում հակառակորդ երկրի վրա, մի՞թե բանակում խաղաղ պայմաններում տեղի ունեցող սպանությունների դեմ բողոքողներին չեն մեղադրում թշնամու ջրաղացին ջուր լցնելու և հակառակորդին ուրախացելու համար: Մի՞թե Հայաստանյան բազմահազարանոց ցուցարարներին ամեն հարմար առիթով չեն վախեցնում ադրբեջանական վտանգով ու ղարաբաղյան հարցի անբարենպաստ պայմաններով:

Ադրբեջանում էլ վիճակը այս հարցում ավելի լավ չէ, բայց միթե՞ հարևան այդ երկրի վատ լինելն ինքնստինքյան խոսում է Հայաստանի դիրքերի ուժեղացման մասին:

Խոսելով հարևան պետության քաղաքական համակարգի մասին՝ Սարգսյանը նշում է. «Մյուս կողմից՝ գալիս են անթաքույց բռնապետության կամ բռնապետական ռեժիմի հետևանքները: Ընդդիմախոսների բանտարկելը, ազատ մամուլի գոյության մասին գրեթե տեղյակ չլինելը, հարկադրանքը, ահռելի կոռուպցիան կրկնակի ուժգնությամբ են հիշեցվելու այս երկրում նավթադոլարների նվազմանը զուգընթաց»

Լավ, էլի. ցինիկությունն էլ պետք է չափ ու սահման ճանաչի։ Այս տողերով ո՞ւմ ես ծաղրում՝ քե՞զ, թե՞ մեզ։ Ով բռնապետությունից, ընդդիմախոսներին բանտարկելուց, ազատ մամուլից, հարկադրանքից, ահռելի կոռուպցիայից խոսի, Սարգսյանը ուղղակի ամոթից գետինը պետք է մտնի, ծպտուն չհանի, որովհետև բոլոր նշված չափորոշիչներով Հայաստանը Ադրբեջանից ավելի լավ վիճակում չէ...

Ինչ վերաբերվում է կոռուպցիային, ապա այն բանից հետո, երբ Սերժի Սարգսյանի պաշտպանած Տարոն Մարգարյանը որպես ուեցվածք քաղաքապետի 833 տարվա աշխատավարձ հայտարարագրեց, և այն բանից հետո, երբ Կիպրոսի բանկերը Տիգրան Սարգսյանի օֆշորային գործարքների մասին նյութեր հրապարակեցին, նա ուղղակի մի քիչ մտածելու պարագայում պետք է շրջանցեր այս թեման:

Որպես ամփոփում՝ մեջբերում կանեմ Սարգսյանից, բայց արդեն՝ ոչ թե Ադրբեջանի թեմայով, այլ Հայաստանի. «Երկրի իշխանությունները փոխանակ զբաղվեն սեփական պրոբլեմներով, սեփական ժողովրդի բարեկեցության խնդիրներով, սեփական հասարակության կառուցմամբ, կարծես թե լծվել են մեր դարդին»:

Սարգսյանը չի հասկանում, որ այս հայտարարությամբ ոչ թե Ադրբեջանն է սեփական հիմնահարցերը թողած՝ մեր դարդը լացում, այլ լրիվ հակառակը:

Կարեն Թովմասյան

Այս խորագրի վերջին նյութերը