Լրահոս

05.06.2013 13:22


Հարուցվել է քրեական գործ` առևտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու փաստերի առթիվ

Հարուցվել է քրեական գործ` առևտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու փաստերի առթիվ

Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` վարկային կազմակերպության տնօրենի կողմից լիազորությունները չարաշահելու և փաստաթղթեր կեղծելու փաստերի առթիվ:
Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ վարկային կազմակերպության տնօրենը խախտել է աշխատանքային պայմանագրի և վարկային կազմակերպության տնօրենների խորհրդի որոշմամբ հաստատված «Վարկային ձեռնարկ»-ի պահանջները: Մասնավորապես` իր լիազորություններն ընկերության շահերին հակառակ և իր օգտին օգտագործելով` քաղաքացու հետ կնքել է 8000 ԱՄՆ դոլար վարկ տրամադրելու վերաբերյալ կոշտ գրավի պայմանագիր:

Ստանալիք վարկի ամբողջ ծավալով վերադարձն ապահովելու նպատակով վարկային կազմակերպության նախկին վարկառուներից մեկի վարկային փաստաթղթերի հիման վրա, կեղծելով վարկառուի ստորագրությունը, առանց հաճախորդի ներկայության, ենթադրյալ երաշխավորի անվամբ կազմակերպության մասնաճյուղի տնօրենը, ըստ նյութերի, կազմել է երաշխավորության կեղծ պայմանագիր ու այն վավերացրել իր ստորագրությամբ:
Այնուհետև ստացել է անհիմն ձևակերպված վարկային պայմանագրով հաճախորդի անվամբ դուրս գրված 8000 ԱՄՆ դոլար վարկից 4000 ԱՄՆ դոլար գումարը` ստանձնելով վարկից ստացած իր մասնաբաժնի մարման պարտավորությունը, ինչը, սակայն չի կատարել` ստացած գումարն օգտագործելով իր անձնական կարիքների համար:

Հետագայում քաղաքացին, ում անունով որ ձևակերպվել է ամբողջ վարկը, նույնպես չի կատարել վարկային պարտավորությունները:
Արդյունքում` վարկային կազմակերպությունը հայցադիմում է ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ընդդեմ վարկառուի և երաշխավորի, որը դատարանն ամբողջությամբ բավարարել է և ԴԱՀԿ Շիրակի մարզային բաժնի կողմից արգելանք է դրվել որպես երաշխավոր հանդիսացող քաղաքացու գույքի վրա:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ և 325-րդ հոդվածների 1-ին մասերով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնին:

Այս խորագրի վերջին նյութերը