Աշխարհ

04.06.2013 17:33


ՄԱԿ. «Սիրիայում երկու կողմերն էլ քիմիական զենք օգտագործել են»

ՄԱԿ. «Սիրիայում երկու կողմերն էլ քիմիական զենք օգտագործել են»

ՄԱԿ-ի փորձագետները եկել են այն եզրակացության, որ Սիրիայում, որտեղ արդեն երկու տարի քաղաքացիական պատերազմը շարունակվում է, քիմիական զենք կարող են կիրառած լինել երկու կողմերն էլ:

Փորձագետները բավարար հիմքեր ունեն կարծելու, որ այս տարվա մարտ և ապրիլ ամիսներին չորս անգամ քիմիական զենք է օգտագործվել: ՄԱԿ-ի փորձագետների զեկույցում նշվում է, որ քիմիական միջոցներ կիրառվել են Հալեպին, Դամասկոսին, Սարաքեբին և Ադրային հարակից շրջաններում: Զեկույցի հեղինակները, սակայն, դժվարանում են նշել, թե նշված շրջաններում իրականում ով է դա արել: Թե´ կառավարությունը և թե´ ապստամբները դրա համար միմյանց բազմիցս մեղադրել են, բայց երկու կողմերն էլ այդ մեղադրանքները միշտ հերքել են:

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները այժմ փորձում են պայմանավորվածություն ձեռք բերել սիրիական ճգնաժամի վերաբերյալ խորհրդաժողովի անցկացման համար: Նշենք, որ Արևմուտքը բազմիցս հայտարարել է, որ Սիրիայի կառավարական զորքերի կողմից քիմիական զենքի կիրառումը այն կարմիր գիծն է, որը անցնելու դեպքում կներխուժեն Սիրիա:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը անդրադառնալով Սիրիայում քիմիական զենքի կիրառման հարցին՝ հայտարարել է, որ դա ռազմական հանցագործություն է, և դրա հաստատման դեպքում Արևմուտքը կարող է զինված ներխուժում սկսել Սիրիայի դեմ:

Սպիտակ տունը ևս անհանգստացած է Սիրիայում քիմիական զենքի կիրառման հարցով:

«Հաշվի առնելով այն, թե ինչ ենք մենք սովորել մեր նախկին փորձից, և թե ինչ ենք վտանգի ենթարկում, հետախուզության տվյալները բավարար չեն: Միայն որոշակի համոզվածություն ներշնչող հավաստի և հաստատված փաստերը կարող են մեզ որոշում ընդունելու հնարավորություն տալ»,–ասված է Սպիտակ տան օրենսդրության հարցերով Բյուրոի ղեկավար Միգել Ռոդրիգեսի՝ սենատորներին հասցեագրված նամակում:

Այս խորագրի վերջին նյութերը