Լրահոս

04.06.2013 16:41


Լևոն Բարսեղյան. «Անգամ այս հնարքները ոչ մի միլիմետր վարկանիշ չեն ավելացնի Սերժ Սարգսյանին»

Լևոն Բարսեղյան. «Անգամ այս հնարքները ոչ մի միլիմետր վարկանիշ չեն ավելացնի Սերժ Սարգսյանին»

Հարցազրույց Գյումրու «Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ

–Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տղաների կրակոցներից հետո հայտարարվեց, թե Գյումրին Հայաստանի կրիմինալ որջն էր։ Բայց կարճ ժամանակ անց Գորիսի դեպքը եկավ ապացուցելու, որ մեր երկրում կրիմինալ որջեր դեռ շատ կան։ Ո՞րն է պաշտոնյաների նման պահվածքի բուն պատճառը։

–Կրակողը Վ. Ղուկասյանի եղբորորդին էր՝ ըստ ոստիկանության տեղեկությունների: Գյումրու այդ դերակատարները երևի ոստիկանության պետի համար փափուկ պատառ էին, որոշեց շոու սարքել, իր արտիստական կարողությունները ցուցադրել, ավել–պակաս խոսել, պարծենալ, թե իբր մեծ գործ է արել: Շոուների հանդեպ անսահման սերն ու նվիրումն էր, կարծում եմ, պատճառը: Իսկական ոստիկանությունը ահռելի տեղեկությունների տիրապետելով՝ պիտի ջանար ու ջանա կանխարգելել նման բաները, քան թե զբաղվեր դիակներ հավաքելով:

–Այս օրերին սոցիալական ցանցերում տարբեր դեմքեր Սերժ Սարգսյանից հուժկու պահանջում են պատժել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին։ Թե՛ իրավական, թե՛ քաղաքական տեսանկյունից ճի՞շտ եք համարում Սերժ Սարգսյանից նման բան պահանջելը։

–Մարդիկ, իհարկե, ազատ են պահանջներ ներկայացնել Սերժ Սարգսյանին, սակայն ես չեմ կիսում այս հարցում այս մոտեցումը։ Սուրիկ Խաչատրյանը Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ռեժիմի ծնունդն է որպես պաշտոնյա, նրա պաշտոնական վարքն ու գործունեությունը՝ հանրությանը հայտնի մոտ մեկ տասնյակ խայտառակ պատմություններով, շատ լավ հայտնի են Ս. Սարգսյանին, և դրանցից հետո նա շարունակել է պաշտոնավարել։ Սերժ Սարգսյանից պահանջել պատժել մարզպետին նույնն է, ինչպես տարիներ առաջ որոշ քաղաքական ուժեր հայ-թուրքական արձանագրությունների համար Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու փոխարեն պահանջում էին արտգործնախարարի հրաժարականը: Այդ մարզպետը համակարգի անմիջական ծնունդն է ու սերունդը: Բոլոր երկրներում էլ թերուսներ կան, ամենուր էլ խնդիրները զենքով լուծելու, վիրավորանքին կամ քննադատությանը բռնությամբ պատասխանելու, սեփական լիբիդոն անբարո եղանակներով սպառելու հակված կամ պատրաստ կենդանիներ կան։ Նորվեգներից մինչև Բանգլադեշ, Մալդիվներից մինչև Սարիղամիշ բացառիկ տարածքներ կամ էթնոսներ չկան, ուր գող, ավազակ, մարդասպան, պեդոֆիլ չլինի, բայց ամենուր չէ, որ էդ սորտը պետական կամ համայնքային պաշտոնների ու հանրային միջոցների կառավարման իրավունքի է հասնում։ Պետություններն ու հասարակությունները այդ սորտին իր տեղում պահելու տարբեր որակների ֆիլտրացիոն համակարգեր ունեն: Համակարգերը տարբեր են, մենք էլ ենք ուրիշ, մեզանում այդ սորտը այդ դիրքերը գրավել է իհարկե ոչ պատահականորեն, դա օրինաչափ և տրամաբանված արգասիքն է իշխանության զավթման և զավթիչների որակների: Սերժ Սարգսյանի ռեժիմը իհարկե կուզեր, որ դրանց փոխարեն իր պաշտոնյաները ավելի զուսպ, կիրթ, համեստ, հարգալից լինեին, չափավոր անօրեն։ Գլխացավանքը նվազ կլիներ։ Բայց դե էս է էդ մարդու կադրային բազան ու կառավարման կարողությունը։ Որ կարենար, չէ՞ր բարելավի:

Արդյոք Սերժ Սարգսյանից արդարություն պահանջելով՝ փորձ չի՞ արվում նրան ներկայացնել որպես արդարադատության և անմեղության ռահվիրա և հանրությանը հրամցնել, թե նա լավն է, նրա թի՛մն է վատը։

Սերժ Սարգսյանից արդարություն պահանջողներին մեկ առ մեկ չգիտեմ, գուցե կան մարդիկ, ովքեր նրան դեռ ընտրված նախագահ են համարում, կամ անկեղծորեն համարում են, որ «Ստալինը լավն է, բայց տեղյակ չէր՝ ինչ է կատարվում երկրում, թե չէ՝ կարգի կբերեր»: Բայց կարծում եմ՝ այդպես մտածողները հատուկենտ են: Իսկ մեծամասամբ սա համարում եմ մանիպուլյացիա, որ շեֆը կանգնի վերջապես ու ասի. «Չեղավ, Սուրիկ, հեչ սիրուն չէ»: Հավաստիացնում եմ՝ անգամ այս հնարքները ոչ մի միլիմետր վարկանիշ չեն ավելացնի Սերժ Սարգսյանին:

–Ինչպե՞ս կարելի է բացատրել այն փաստը, որ հայտնի և անհայտ շատ դեմքեր միանգամից սկսեցին պահանջել պատժել Սյունիքի մարզպետին, բայց հենց այդ նույն դեմքերը ծպտուն անգամ չհանեցին վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ օֆշորային գուտում փողերի լվացման բացահայտումից հետո։

Դե, մարդիկ օգտվում են սահմանադրությունից, իրենց կարծիք ունենալու իրավունքից: Գուցե մտահոգ են Սերժ Սարգսյանի վարկանիշը փրկելով, ու Սյունիքի մարզպետի պաշտոնանկումը շատ ավելի լավ գործիք են տեսնում դրա համար: Ի դեպ չեմ կարծում, թե Սյունիքի մարզպետը կպատժվի. մեկին կզոհաբերեն որպես նստող, կնստի 2/3-ով կելնի, քիչ ենք տեսե՞լ նման կինոներ… Այդ շերտը Հայաստանը զավթած ռեժիմին պետք է վերարտադրման և ինքնապահպանման համար:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը