Լրահոս

04.06.2013 12:53


Սուրեն Խաչատրյանի որդու մեղադրանքը խստացվել է

Սուրեն Խաչատրյանի որդու մեղադրանքը խստացվել է

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մեղադրանքը լրացվել եւ խստացվել է։ Ինչպես հայտնի դարձավ «Փաստինֆո» գործակալությանը, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն, 112-րդ հոդվածի առաջին մասով՝ դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելը, եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելն ու պահելը։

Նույն այս հոդվածներով մեղադրանք է առաջադրվել նաեւ թիկնապահին՝ Զարզանդ Նիկողոսյանին։ Հիշեցնենք, որ նրանք ձերբակալվել էին հունիսի 2-ին եւ 3-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար։ Այսինքն՝ նախաքննական մարմինը մեղադրանքներն առաջադրելիս ավելի խստացրել է։

Տ.Խաչատրյանին եւ Զ.Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել երեկ՝ հունիսի 3-ին, եւ նույն օրը կալանավորվել են։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը, եւ նրանց նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառել կալանավորումը՝ երկամսյա ժամկետով։ Ընդ որում՝ մեղադրյալները կպահվեն ոչ թե Գորիսում, այլ նրանք արդեն տեղափոխվել են Երեւան՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների հետեւանքով Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը մահացել է, եւս երկուսը` վերջինիս եղբայր, N զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանը եւ Սյունիքի մարզպետի թիկնապահներից Նիկոլայ Աբրահամյանը, հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Քրեական գործով նախաքննությունն իրականացնում է ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը։

Այս խորագրի վերջին նյութերը