Լրահոս

03.06.2013 14:35


Ղալումյանը դատախազի հետ ունեցած անձնական կապերի շնորհիվ չի ներգրավվել մեղադրյալների ցանկում

Ղալումյանը դատախազի հետ ունեցած անձնական կապերի շնորհիվ չի ներգրավվել մեղադրյալների ցանկում

Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի ընկերության փայատեր Ղևոնդ Ղալումյանը դատախազի հետ ունեցած անձնական կապերի շնորհիվ չի ներգրավվել մեղադրյալների ցանկում

Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնությունը վերջերս մի շատ կարևոր տեղեկություն է ստացել, որը ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանի դատախազ-քննչական համակարգում, դեռևս չեն վերացել այն արատավոր երևույթները, երբ կարողանում են ծանոթ-բարեկամական կապերի միջոցով քրեական գործով շահագրգիռ դատախազի կեղծ ցուցումով մեղադրանքի բովանդակություն փոխել և հանցագործության արդյունքում շահ ստացած անձանց վկայի կարգավիճակում թողնել: Հենց նույն այս ծանոթ-բարեկամական կապերի միջոցով է, որ այսօր բոլորովին անկաշկանդ իր կյանքն է վայելում տասնյակ տուժած գնորդների բնակարանների յուրացման հարցում իր խոշոր դերակատարումն ունեցած Վլադիսլավ Մանգասարյանի գործընկեր Ղևոնդ Ղալումյանը:

Սա նույն այն անձն է, ով վերջերս Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող Մաշտոցի 33/1 շենքում բնակարանի համար վճարած, սակայն բնակարան չստացած տուժած գնորդ Լուսինե Գյուլխասյանի քրեական գործով ընդամենը վկայի կարգավիճակ ունի: Իսկ սա զուտ այն պատճառով, որ ինչպես հաջողվել է պարզել, Ղալումյանը մտերիմ ընկերական կապերի մեջ է այդ քրեական գործով նախաքննության ժամանակ վերահսկող դատախազ Արման Հակոբյանի հոր` ներկայիս քաղաքաշինության փոխնախարար Ավագ Հակոբյանի հետ: Վերջինս, ըստ մեզ հասած տեղեկությունների, Ղալումյանի երկար տարիների ընկերն է:

Ինչպես Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբը արդեն տեղեկացրել է, նշված քրեական գործով փորձաքննությամբ հիմնավորված է եղել, որ բնակարան ձեռք բերելու համար Գյուլխասյանի վճարած գումարի մի մասը, ընկերության հաշվեհամարին մուտքագրվել էր, որպես հենց Ղևոնդ Ղալումյանի կողմից ընկերությանը տրված փոխառություն:

Ավելի ստույգ, այս գործով նշանակված փորձաքննությամբ արձանագրվել է, որ 07.12.2007թ. «Արին կապիտալ» ՍՊ ընկերության բանկային հաշվին, իրոք, մուտքագրվել է Լուսինե Գյուլխասյանի կողմից բնակարանի համար տրված 37մլն 200 հազար դրամը, որից 15 մլն 891 հազար դրամը՝ Վլադիսլավ Մանգասարյանի եղբոր՝ Ռուբեն Մանգասարյանի անվամբ, իսկ 21 մլն 309 հազար դրամը՝ Ղևոնդ Ղալումյանի անվամբ: Սակայն դատախազ Արման Հակոբյանը վարույթն իրականացնող քննիչ Կ.Ներսիսյանին ցուցում է տվել, որ` խարդախության փոխարեն, ամերիկահայ գործարարի ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանին մեղադրանք առաջադրվի այն ձևակերպմամբ, որ Ղևոնդ Ղալումյանի անվան փոխարեն արձանագրվի Էդմոնդ Խուդյանի անունը, իբրև թե, ի օգուտ Էդմոնդ Խուդյանի կատարված գործողությունների համար:

Ղալումյանը, ինչպես և կարելի էր ենթադրել, դատարանում լիովին հերքեց սփյուռքահայ գործարարի հիմնադրած ընկերության գործերին իր մասնակից լինելը, այդ թվում` Լուսինե Գյուլխասյանի բնակարանի գործարքի հետ որևէ առնչություն ունենալը: Սակայն անհերքելի փաստեր են առկա այն մասին, որ ընկերության հաշվեհամարին մուտքագրված 37մլն 200հազար դրամը հենց Գյուլխասյանի կողմից վճարված գումարներն են, քանի որ րոպեներ առաջ այդ գումարը նույն բանկի Գյուլխասյանի հաշվեհամարից հանվել և մուտքագրվել է ընկերության հաշվին:

Այս փաստի կապակցությամբ Ղևոնդ Ղալումյանին հարցեր ուղղելու հարցում Ղալումյանի ցուցմունք տալու օրը դատարանում զարմանալիորեն պասսիվ էին նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը և մեղադրող դատախազ Լևոն Չարխիֆալակյանը: Այս փուլում Ղալումյանին հաջողվեց իր ժխտողական պատասխանների և դատարանի ու դատախազի պասիվության շնորհիվ հերթական անգամ խույս տալ արդարադատության առջև պատասխանատվությունից:

Սակայն Ղալումյանի կապերը միայն այստեղ չէ, որ գործում են ու նրա համար հստակ անվտանգ ելք ապահովում:

Մասնավորապես Ղևոնդ Ղալումյանի վերաբերյալ սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանի կողմից Հատուկ քննչական ծառայություն և ՀՀ գլխավոր դատախազություն հասցեագրված երկու տարբեր դիմումներին դեռևս օրենքով սահմանված ընթացք չի տրվել:

Գործարարի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանի կողմից ապրիլի 5-ին Հատուկ քննչական ծառայության պետին ներկայացված դիմումի կապակցությամբ այն ժամանակ ՀՔԾ-ից փոխանցեցին, թե ինչպես գրության մեջ նշված, այնպես էլ քրեական գործով պարզաբանման ենթակա բազմաթիվ հանգամանքների շուրջ իրականացվում է համապատասխան նախաքննություն, սակայն ինչպես ցույց տվեց գործի ելքը, ՀՔԾ պետ Միրզոյանին հասցեագրված դիմումն այդպես էլ ոչ մի ընթացք չստացավ:

Իսկ ներկայացված փաստերով հիմնավորվում են մի շարք դրվագներ:

Մասնավորապես այն հանգամանքը, որ «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի մյուս փայատեր Ղևոնդ Ղալումյանը 2007թ.-19.06.2009թ. հունիս ամիսներին, երբ փաստացի ինքն է ղեկավարել ընկերությունը, գնորդների կողմից վճարված գումարների մի մասի`1մլն ԱՄՆ դոլարին համարժեք 333.725.850 ՀՀ դրամի չափով կեղծ փոխառության պայմանագրեր է կնքել ընկերության հետ և հետագայում համապատասխան չափի գումարներ է հետ ստացել: Ստացվում է, որ իրական գնորդների կողմից վճարված գումարները մուտքագրվել են ընկերության հաշվին, սակայն դրանցից 333.725.850 ՀՀ դրամը ձևակերպում է ստացել, որպես Ղալումյանի կողմից տրված փոխառության: Մինչ 2009թ. հունիս ամիս Ղալումյանը «հետ է ստացել» 333.725.850 ՀՀ դրամը, իսկ այդ գումարները վճարած քաղաքացինների մի մասն այդպես էլ բնակարան չի ստացել: Արդյունքում, գնորդներից ու ընկերությունից բացի, նաև պետությանն է առանձնապես խոշոր չափերի վնաս հասցվել, քանի որ հարկերը հաշվարկվել են, ոչ թե իրական գնորդի կողմից վճարված գումարի չափով գործարքի, այլ` նախնական պայմանագրերում նշված գումարների հիման վրա:

Ղալումյանը հավելյալ շահույթ է ստացել նաև բնակարանների վաճառքից մոտ 450.000 Ամն դոլարն ընկերությանը չվճարելու ձևով:

Այս դիմումի հետ միաժամանակ դատախազ Արման Հակոբյանի կողմից տրված ապօրինի ցուցմունքի կապակցությամբ դատախազություն ուղարկված դիմումն է մնացել ինչ-որ կիսապատասխան վիճակում :

Այս տարվա մարտի 13-ին, ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ուղարկված իր վերջին դիմումում ամերիկահայ գործարարը խոսել էր այն մասին, որ իր գործով այսօր էլ հանցանք կատարած մի քանի անձինք դատախազի ցուցումով մեղադրյալի փոխարեն վկայի կարգավիճակում են, իսկ վկային անունը անհիմն դրվում է մեղադրանքի հիմքում: Մասնավորապես Լուսինե Գյուլխասյանի գործով խարդախության հեղինակները, ովքեր պետք է լինեին ամբաստանյալի աթոռին, անգամ դատակոչված վկանների ցուցակում չկային և միայն ամբաստանյալի փաստաբանի միջնորդության հիման վրա, որպես վկա հրավիրվեցին և հարցաքննվեցին: Ընդ որում սա այն դեպքում, երբ գործի փաստերը միանգամայն այլ են, քան մեղադրական եզրակացության մեջ արձանագրվածը: Եվ դա տեղի է ունեցել ավագ դատախազ Արման Հակոբյանի ցուցումի հիման վրա:

Այս դիմումին դատախազության կողմից տրված ընթացքն ընդամենը հետևյալն էր. Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը փոխանցեց, որ դիմումը ուղարկվել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն, ինչպես նաև դատարան, քանի որ դիմում նշված փաստերը վերաբերում են մի քրեական գործի, որն այժմ դատարանում է գտնվում, և հետևաբար գործով դատավորը պետք է քննի առկա փաստերը: Սակայն այս գործով դատարանում արդեն 6-ից ավելի նիստ է անցկացվել, բայց մինչ օրս ոչ մի խոսք չի հնչել դատախազություն ուղարկված կարևորագույն փաստեր մատնանշող դիմումի մասին:

Եվ չգիտես ինչպես, արդյունքում ստացվում է այնպես, որ հանկարծ, թե’ ՊԵԿ-ում այժմ շարունակվող նախաքննությամբ, թե’ Լուսինե Գյուլխասյանի բնակարանի թալանի գործում Ղալումյանն ընդամենը վկայի կարգավիճակ ունի:

Հարց է առաջանում. մինչև որտեղ են ձգվում Ղալումյանի կապերը և մինչև երբ են դրանք ազատելու նրան օրենքի առջև պառասխանատվությունից...

Սփյուռքահայ գործարարի հիմնադրած ընկերության կանխամտածված սնանկացման փաստով հարուցված քրեական գործը մի քանի օր առաջ Հատուկ քննչական ծառայությունից ուղարկվել է ՊԵԿ, որտեղ նախկինում մեղադրանք էր առաջադրվել Վլադիսլավ Մանգասարյանի նկատմամբ: Մնում է հուսալ և պայքարել, որ քննիչը այդ նույն ջանասիրությամբ մեղադրանք առաջադրի նաև ընկերությունը թալանած մյուս մասնակից Ղևոնդ Ղալումյանի նկատմամբ:

Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ

Այս խորագրի վերջին նյութերը