Լրահոս

03.06.2013 10:54


Սուրեն Խաչատրյանի ձերբակալության մասին լուրերը դեռևս չեն հաստատվում. ձերբակալվել է նրա որդին

Սուրեն Խաչատրյանի ձերբակալության մասին լուրերը դեռևս չեն հաստատվում. ձերբակալվել է նրա որդին

Լրատվական կայքերում լուրեր են տարածվել, թե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն(Լիսկա) ու իր որդին ձերբակալվել են:

Ոստիկանությունից «7օր»–ին տեղեկացրեցին, որ քրեական գործը փոխանցվել է զինդատախազություն, և գործի նախաքննությունը վարում է պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը:

Ի պատասխան մեր հարցման՝ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից ասացին, որ իրենք գործը դեռ չեն ստացել, այն նախ ուղարկվում է դատախազություն, որտեղից փոխնցվում է ըստ քննչական ենթակայության, և մինչև գործը իրենց մոտ չմուտքագրվի, ոչինչ չեն կարող հայտնել:

Մենք փորձեցինք կապվել նաև դատախազության մամուլի ծառայության հետ։ Այնտեղից ասացին, որ ավելի ուշ կտեղեկացնեն, թե ո՞ր քննչական մարմինն է զբաղվում գործի քննությամբ, որտեղից էլ կարող ենք տեղեկատվություն ստանալ:

Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ հունիսի 1-ի խնջույքի ժամանակ վիճաբանություն է ծագել Բուդաղյան եղբայրների և Սուրեն Խաչատրյանի միջև, վիճաբանության ընթացքում Սյունիքի մարզպետը հայհոյանք է հասցրել Բուդաղյանների մոր հասցեին, իսկ Ավետիք Բուդաղյանն էլ ապտակել է Սուրիկ Խաչատրյանին: Վիճաբանության մասնակիցները որոշել են, այնուամենայնիվ, հաշիվները պարզել բարձրաստիճան հյուրին ճանապարհելուց հետո: Բակո Սահակյանի մեկնելուց հետո Գորիսում հանդիպել են Բուդաղյանները և Լիսկայի թիկնապահները: Ըստ ilur.am-ի՝ առաջին կրակոցը հնչել է Ավետիք Բուդաղյանի ուղղությամբ: Երբ Արտակ Բուդաղյանը տեսել է, որ եղբայրը սպանված է, ինքն էլ է զենքի դիմել. փոխհրաձգության հետևանքով Սուրիկ Խաչատրյանի թիկնապահը վիրավորվել է, իսկ Արտակ Բուդաղյանը ծանր վնասվածք է ստացել:

Քիչ առաջ հայտնի է դարձել, որ գործի շրջանակներում ձերբակալվել են Զարզանդ Արտաշեսի Նիկողոսյանը և մարզպետի որդին՝ Տիգրան Սուրիկի Խաչատրյանը։

Այս խորագրի վերջին նյութերը