Լրահոս

02.06.2013 13:31


Հունիսի 1-ին Ջավախքում եռակի տոն էր

Հունիսի 1-ին Ջավախքում եռակի տոն էր

Ջավախքում հանդիսավորությամբ նշեցին Սբ. Գրիգոր Լուսավորչի Խոր Վիրապից դուրս գալու, երեխաների միջազգային պաշտպանության և 1918թ. Սաթխայի հերոսամարտ օրը:
Հունիսի 1-ին Ախալքալաքի Սուրբ Խաչ Եկեղեցում մատուցվեց տոնական պատարագ նվիրված՝ Սբ. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից հիշատակությանը: Պատարագիչը Տեր Տաթև քահանա Մարուքյանն էր:
Ջավախքի ընդհանուր փոխանորդության առաջնորդ՝ Հայր Բաբգէն աբեղա Սալբիյանը հավատավոր ժողովրդին շնորհավորեց տոնի առթիվ և պատգամեց ամուր մնալ քրիստոնեական հավատքի մեջ:
Տոնական պատարագներ մատուցվեց Ջավախքի բոլոր գործող եկեղեցիներում:
Հունիսի 1-ին` երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով, Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում հյուրընկալվեցին Գյումրիի պիոներ պալատի «Անի» պարային համույթի սաները: Այս ծրագիրն իրականություն դարձավ նախաձեռնությամբ և աջակցությամբ՝ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության և Հայաստանի հանրապետության Սփյուռքի նախարարության:
«Անի» համույթի սաները պարային գեղեցիկ կատարումներով ելույթ ունեցան Ախալքալաքի Սուրբ Խաչ Եկեղեցու բակում: Երաժշտական կատարումներով հանդես եկան Սուրբ Խաչ Եկեղեցու երգչախմբի սաները:
Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունը գեղեցիկ անակնկալ էր պատրաստել երեխաների համար: Մանուկներին այցելեցին իրենց սիրած հեքիաթների հերոսները, պարգևելով երջանիկ ժպիտներ: Չնայած անձրևային եղանակին Սուրբ Խաչ Եկեղեցու բակը լեցուն էր մանուկներով:
Ջավախքի հոգևոր առաջնորդ Հայր Բաբգէնն իր պատգամը բերեց երեխաներին. «Աստվածաշնչից մենք գիտենք, թե ինչքան ջերմություն ու սեր է տածում Տեր Հիսուս բոլոր մանուկների հանդեպ»: Ինչնես նաև Հայր Սուրբը մասնավոր աղոթք բարձրացրեց մանուկների համար Տիրոջից հայցելով քաջ առողջություն, անաղարտ ու բարեկեցիկ մանկություն, արժանավայել ու գիտակից կյանք:
Ջավախքի Դիլիսկա գյուղի Եկեղեցին ևս լեփ-լեցուն էր փոքրիկներով: Գյուղի հոգևոր հովիվ Տեր Տիրգրան քահանա Մխիթարյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ եկեղեցու խաչ քավորի, երեխաներին բաժանվեցին փուչիկներ և պաղպաղակներ: Ինչպես նաև ներկաներին բաժանվեց Ամենայն Հայոց Հայրապետի դիմանկարները՝ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության կողմից: Մանուկների համար Եկեղեցում պարային գեղեցիկ կատարումներով հանդես եկան Գյումրիի քաղաքապետարանի պիոներ պալատի «Անի» պարային համույթի սաները՝ աջակցությամբ Հայաստանի հանրապետության Սփյուռքի նախարարության: Նշենք, որ նման միջոցառում նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան առաջին անցամ անցկացվեց Դիլիսկա գյուղում:
Նինոծմինդայի Սաթխա գյուղում ևս օրը տոնական էր: Գյուղի Եկեղեցում մատուցվեց սգո պատարագ, նվիրված 1918-ի Սաթխայի հերոսամարտի անմեղ նահատակներին: Պատարագիչը Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանն էր: Պատարագին ներկա էին Վիրահայոց Թեմի առաջնորդը, Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդը, ինչպես նաև բարձրաստիճան հուրեր Հայաստանից և Վրաստանից:
Պատարագի ավարտին Ջավախքի փոխանորդը դիմելով Եկեղեցում հավաքվածներին ասաց. «Սաթխայի հերոսամարտը դասվում է Վանի, Սասունի ինքնապաշտպանության մարտերի շարքին: Հպարտ ենք քաջ սաթխացիներով, որ կարողացան իրենց կյանքի գնով փրկել հազարավոր մարդկանց կյանք: Սաթխան Ջավախքի այն սակավաթիվ գյուղերից մեկն է, որը խիզախորեն դիմադրեց թշնամուն և կարողացավ կասեցնել թուրքերի առաջխաղացումը»:
Սաթխայի հերոսամարտին նվիրված հանդիսավոր միջոցառումները անցկացվում են Սանոսյան ընտանիքի անմիջական աջակցությամբ և օժանդակությամբ:
Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան

Այս խորագրի վերջին նյութերը