Կարծիք

01.06.2013 19:55


Հրանտ Տեր–Աբրահամյան. «Երկրում տեղի է ունեցել աննախադեպ կոռուպցիոն սկանդալ»

Հրանտ Տեր–Աբրահամյան. «Երկրում տեղի է ունեցել աննախադեպ կոռուպցիոն սկանդալ»

Իրոք տարօրինակ է: Երկրում տեղի է ունեցել աննախադեպ կոռուպցիոն սկանդալ: Որքան էլ Հայաստանում մշտապես խոսվել է բարձրաստիճան պաշտոնյաների փչացածության մասին (իսկ կոռուպցիա՝ բառացիորեն նշանակում է ոչ այլ ինչ, քան փչացածություն), բայց կարծես չեմ հիշում, որպեսզի որեւէ մեկը նրանցից այդքան անհերքելի կերպով բռնվեր, ինչպես մեր հարգարժան վարչապետը: Բայց արի ու տես, որ այս թեման սպասվածից շատ ավելի թույլ արձագանք է գտնում ե՛ւ մամուլում (այն նույն մամուլում, որտեղ օրեկան 24 ժամ սիրում են դատապարտել կոռուպցիան), ե՛ւ ֆեյսբուքի թոփ ստատուսներ գրողների էջերում:

Գուցե ասեք, որ կան առարկայական պատճառներ: Գուցե: Բայց ամեն դեպքում տարօրինակ է մնում այս կրավորականությունը, այն դեպքում, երբ տասնապատիկ ավելի պակաս կարեւոր թեմաների շուրջ փոթորիկներ են լինում մամուլում եւ ֆեյսում: Ընդ որում՝ ֆեյսբուքյան առաջատարները միշտ զարմանալիորեն համաժամանակյա կերպով՝ սինխրոն գործում են մամուլի առաջատարների հետ՝ նույն թեմաները, նույն շեշտադրումները, նույն պաթոսը: Նույնը, թվում է թե այս թեմայի շուրջ է, միայն թե մինուս նշանով՝ աղմուկ չկա: Միգուցե որովհետեւ սա եզակի իրոք շոշափելի եւ կոնկրետ թեմաների՞ց է, այլ ոչ թե գյալաջու առիթ:

Հ.Գ.։ Ուրեմն, վարչապետ-Կճոյան կոռուպցիոն սկանդալի մասին արձագանքները ԶԼՄ-ներում: Ընտրանքս բնականաբար շատ սահմանափակ է, որովհետեւ ամբողջ դաշտը ստուգելու համար անհրաժեշտ ժամանակը չունեմ: Եթե գտնվեն կամավոր օգնականներ, միասին կարող ենք շարունակել: Վերցրել եմ մի քանի կայքեր՝ նայելով ամսի 29-ից, երբ հայտնվեց հայտնի հրապարակումը hetq.am-ում:

Ընտրանքից բացառել եմ բհկ-ական եւ հակ-ական կայքերը՝ պարզ պատճառներով: Մնացածին ընտրել եմ, այն հերթականությամբ որով հիշել եմ: Ունենք հետեւյալ պաըկերը: Անկախ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ կոռուպցիոն սկանդալին եւ վերջին օրերի փաստացի թիվ մեկ նորությանը անդրադարձել են. Առաջին.ամ՝ երեք նորություն քաղաքականություն բաժնում, զրո՝ մեկնաբանություն բաժնում: Քաղաքական բաժնում տրված է պարզապես լուրի տեսքով՝ կա սենց բան, զանգեցինք, հերքեիցին, ու տենց:

Լրագիր.ամ՝ զրո: Զրո՛ վերլուծություն, զրո՛ լուր որեւէ բաժնում: Պարզապես չի եղել նման բան Հայաստանում:

«Emedia» – 0, «Galatv» – 0, Irates – 0: Չկա նույնիսկ լուրի տեսքով: Չի՛ եղել նման բան Հայաստանում: Պարզապես չի եղել:

Հայկական Ժամանակ՝ փոքրիկ նյութ, նորից՝ եղել է սենց բան, զանգեցինք, հերքեցին, ոնց որ թե համոզիչ չէ: Ո՛չ մի հեղինակային հոդված, ո՛չ մի վերլուծություն 2 օրվա մեջ:

Հայելի.ամ - օ՛, զարմանք՝ 1 վերլուծություն (քանի որ կա վերլուծական, էլ լուրերը չեմ նայել էական չէ արդեն): Մոտավորապես այն ոճով, որ դե հաստատ բոլորն էլ ունեն, բայց սրանց են հրապարակել, որովհետեւ երեւի կոմպրոմատների պատերազմ է, չնայած դե դրանք էլ մի բան չեն ու տենց: Բայց ինքնին վերլուծության փաստի համար երեւի մեդալ կարելի է շնորհել արդարադատության նախարարի հետ «ազգակցական» կապ ունեցող այդ կայքին:

Իրոք ժամանակ չունեմ, բայց խնդրում եմ, եթե ցանկություն ու հավես ունեք, ստուգեք, վերստուգեք, շարունակեք մյուս տասնյակ կայքերը: Կարծում եմ կլինեն նոր հայտնագործություններ:

Սա պարզապես շշմեցուցի՛չ է, զարմանալի՛ է, աննախադե՛պ է: Ոչ պակաս ուշագրավ քան բուն կոռուպցիոն հայտնագործումը: Եվ, ի դեպ, նույն կայքերում կան անդրադարձեր վարչապետին, կան բացասական արձագանքներ նրան ու նրա կառավարությանը, բայց դրանք բոլորը խոսքեր են, բայց ահա երբ բանը հասնում է ոչ թե խոսքին, այլ փաստին, պարզվում է մարդիկ չունեն կարծիք դրա վերաբերյալ: Չնայած լուրերում եւ վերլուծություններում նույն ԶԼՄ-ների կարող եք կարդալ աշխարհում եւ Հայքում տեղի ունեցած եւ չունեցած ամեն ինչի մասին: Միայն թե ոչ երկրի թիվ մեկ նորության մասին: Եւ եթե ասեք, որ նույնիսկ էս անկատար արդյունքները զուտ պատահականության կամ միամտության կամ վատ աշխատանքի արդյունք են, ապա ինչ ասեմ, շատ բարդ է ուրեմն մեր երկրի վիճակը:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/ustahrant?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը