Քաղաքական

01.06.2013 13:33


Վարչապետը դատախազություն չի դիմել. ԱԱԾ–ն ու ոստիկանությունը Տիգրան Սարգսյանի թեմայից խուսափում են

Վարչապետը դատախազություն չի դիմել. ԱԱԾ–ն ու ոստիկանությունը Տիգրան Սարգսյանի թեմայից խուսափում են

Ինչպես հայտնի է, Տիգրան Սարգսյանի մամլո խոսնակը հերքել էր օֆշորային գոտում գրանցված և ֆինանսական մեքենայությունների մեջ կասկածվող կազմակերպության կապը վարչապետի հետ։ Խոսնակը նաև հայտարարել էր, թե «Հետք»–ի հրապարակման առնչությամբ Տիգրան Սարգսյանը դիմելու է դատախազություն։

Հիշեցնենք, որ «Հետքի» ներկայացրած փաստաթղթի համաձայն՝ Տիգրան Սարգսյանը Նավասարդ Կճոյանի ու գործարար Փայլակ Հայրապետյանին սնանկացման հասցրած Աշոտ Սուքիասյանի հետ միասին Կիպրոսի օֆշորում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերության համաբաժնետեր է։ Այդ ընկերությանը Փայլակի գույքի գրավադրման դիմաց «Ամերիա» բանկից միլիոնավոր դոլարներ են փոխանցվել, իսկ «WLISPERA HOLDINGS LIMITED»–ից էլ բանկում բացված այլ կազմակերպության հաշվին հետ են փոխանցվել նույն այդ միլիոնները։ Այսինքն՝ գործ ունենք փողերի լվացման դասական օրինակի հետ։

Մենք փորձեցինք դատախազությունից պարզել, թե արդյոք Տիգրան Սարգսյանն իրենց դիմե՞լ է։ Ստորև ձեզ ենք ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազության մամլո խոսնակ Սոնա Տռուզյանի հետ մեր հարցազրույցը։

–Տիգրան Սարգսյանի մամլո խոսնակ Բերբերյանը հայտնել էր, որ Տիգրան Սարգսյանը պատրաստվում է դիմել դատախազություն՝ «Հետքի» հրապարակմանը իրավական գնահատական տալու և մեղավորներին պատժելու նպատակով։ Կա՞ դիմում։

–Նրանք ասել էին, որ պատրաստվում են դիմել։

–Փաստորեն՝ դեռ չե՞ն դիմել։

–Այսօրվա դրությամբ դեռ չկա, մենք չենք ստացել։ Երբ դիմեն, դիմումը բնականաբար պատշաճ կարգով կուղարկվի և պատշաճ կարգով քննարկման առարկա կդարձվի ըստ պատկանելության:

–Եթե չեմ սխալվում գլխավոր դատախազությունը մամուլի հրապարակումները ընդունել է որպես հիմք և սկսել է քրեական գործ։ Այդպես չէ՞։

–Դուք խոսում եք ընտրությունների մասին: Եթե կոնկրետ քրեական գործով կա վարույթ իրականացնող մարմին արդեն իսկ այդ մարմինն է քննության առարկա դարձնում, իսկ ընտրությունների ընթացքում, այո մենք կարևորելով հասարակական հնչեղությունն ու հրատապությունը, որ մեկ օր հետոն կարող է ուշ լինել՝ դրանով մենք մեզ վրա վերցրել էինք այդ պարտականությունը և դարձնում էինք քննարկման առարկա։ Յուրաքանչուր պետական մարմին պետք է կատարի օրենքով իրեն վերապահված գործառությունը և դատախազությունը չի պատրաստվում փոխարինել որևէ այլ պետական մարմնի:

–Բայց ՀՀ վարչապետին մեղադրում են օֆշորային կազմակերպության համասեփականատեր լինելու և ստվերային գործարքներ կատարելու համար։ Դրա վերաբերյալ դատախազությունը չի՞ ուզում պարզաբանումներ տալ:

–Դատախազությունը հոդվածների բովանդակությունը հիմա չի քննարկում։ Ես Ձեր այդ հարցին արդեն պատասխանեցի՝ երբ վարչապետը կդիմի՝ պատշաճ կարգով քննարկման առարկա կդարձնենք և դա կուղղարկենք ըստ քննչական ենթակայության:Դատախազությունը կոնկրետ այս գործով լիազորված մարմին չէ։ Փայլակ Հայրապետյանի հետ կապված, նրա կողմից բարձրաձայնված հարցադրումների վրա հիմնաված ոստիկանությունում արդեն իսկ կա գործ, որով քննություն է իրականացվում և չի կարող տարբեր քննչական մարմիններում նույն դեպքի վերաբերյալ տարբեր գործեր լինել, և այդօրինակ բոլոր հրապարակումները պետք է քննության վերցվեն վարույթն իրականացնող մարմնի կողմից: Դատախազությունը նյութեր նախապատրաստելու իրավունք չունի, դատախազությունը նախաքննական մարմին չէ, դատախազությունը հսկողություն է իրականացնում հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ: Մենք պատասխանում ենք մեր սահմանադրական գործառույթներին վերաբերվող հարցադրումներին:

–Բայց «Հետք»-ը նշում է, որ դատախազությունն այդ հրապարակումը կարող է ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին:

–Դատախազությունը քրեական գործ քննող մարմին չէ, դատախազությունը նախաքննություն չի իրականացնում: Կրկնեմ՝ Փայլակ Հայրապետյանի հետ կապված բարձրաձայնված այդ խախտումներով արդեն կա գործ ու շատ վաղուց:

–Ո՞ւմ կարելի է դիմել՝ իմանալու համար, թե արդյոք այդ գործը ընթացքի մե՞ջ է:

–Դիմեք նախաքննական քննչական մարմիններին, դիմեք ոստիկանություն, ոստիկանությունում է այդ գործը։

Կարեն Թովմասյան

Հ.Գ.։ Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով մենք դիմեցինք ԱԱԾ և ոստիկանություն։

ԱԱԾ մամլո խոսնակ Արծվին Բաղրամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չի ցանկանում այդ թեմայով որևէ բան ասել։ Իսկ ոստիկանության մամլո պատասխանատու Աշոտ Ահարոնյանը երեկ մեզ խոստացավ այսօր առավոտյան մանրամասն տեղեկություններ հաղորդել գործի վերաբերյալ, սակայն այդպես էլ ոչինչ չասաց. նա չի պատասխանում հեռախոսազանգերին կամ անհասանելի է։

Այս խորագրի վերջին նյութերը