Քաղաքական

01.06.2013 11:16


«Ամերիաբանկ»–ը խուսափում է օֆշորի թեմայով պարզաբանումներ տալուց

«Ամերիաբանկ»–ը խուսափում է օֆշորի թեմայով պարզաբանումներ տալուց

Թվում էր, թե օֆշորային գոտում մութ գործարքների վերաբերյալ «Հետք» էլեկտրոնային օրաթերթի հրապարակումից հետո «Ամերիաբանկը» պետք է շտապեր եթե ոչ հերքել, ապա առնվազն պարզաբանումներ ներկայացնել։ Սակայն պարզվում է՝ ոչ։ Ավելին՝ «Ամերիաբանկից» այդպես էլ չեն պատասխանել «7օր»–ի հարցադրումներին։

Երկու օր է՝ փորձում ենք ճշտել վերոնշյալ հրապարակման առնչությամբ այդ բանկի արձագանքը։ Քաղաքային հեռախոսահամարով «Ամերիաբանկ» ՓԲԸ–ի հասարակության հետ կապերի և հաղորդակցման խմբի ղեկավար Էլմիրա Ադամյանին գտնելն անհնար է: Այս օրերին որքան զանգահարեցինք բանկ, ամեն անգամ հեռախոսավարուհին մեզ նախ խնդրեց սպասել, իսկ հետո ասաց, թե Էլմիրա Ադամյանը տեղում չէ։

Այնուհետև բջջային հեռախոսով փորձեցինք կապ հաստատել «Ամերիաբանկի» տնօրինության անդամ, Կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանի հետ։

Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերությանը 10 մլն 700 հազ. ԱՄՆ դոլար վարկ տրամադրելու վերաբերյալ Գագիկ Սահակյանի առաջին արձագանքն այսպիսին էր. «Ճիշտ ենք տրամադրել»։ Բայց երբ փորձինք հակադարձել, թե ինչպե՞ս են ճիշտ արել, երբ ըստ «Հետք»–ի՝ ստանալով այդ գումարը՝ Աշոտ Սուքիասյանը չի կատարել վարկային պայմանագրերով ու բիզնես-ծրագրով նախատեսված պարտավորությունները, Գագիկ Սահակյանն առաջարկեց դիմել իրենց PR–ի մասնագետին՝ նույն Էլմիրային։

Երբ «Ամերիաբանկի» տնօրինության անդամին տեղեկացրեցինք, որ երկու օր է՝ չենք կարողանում կապ հաստատել իր ասած PR–ի մասնագետի հետ, և արդյոք նա կարո՞ղ է մեր հարցերին ավելի մանրամասն պատասխանել, քան հենց ինքը, Գագիկ Սահակյանն անսպասելիորեն սկսեց բղավել։

–Ինչ–որ անընդհատ բան եք անում, էլի, ասում եմ՝ ինքն ա PR–ով պատասխանատուն, ո՞վ պիտի ձեր հարցերի պատասխանը տա։ Զանգել եք բանկի տնօրեններից մեկին... Էլմիրա Ադամյա՛ն, PR–ով պատասխանատու, իրա՛ն զանգեք,–բորբոքվեց նա ու անջատեց հեռախոսը։

Չզլացանք և կրկին փորձեցիքն զանգահարել Էլմիրա Ադամյանին, հեռախոսավարուհին կրկին մեզ առաջարկեց սպասել գծում, իսկ հետո խնդրեց մեր հեռախոսահամարը՝ Էլմիրա Ադամյանին փոխանցելու համար։ Երբ հետաքրքրվեցինք, թե ի՞նչն է պատճառ, ինչո՞ւ չպատասխանեց մեր զանգին, հեռախոսավարուհին ասաց.

–Տեղում չէր ուղղակի, հիմա կփոխանցեմ, երբ վերադառնա, կզանգահարի։

Էլմիրա Ադամյանը, սակայն, այդպես էլ մեզ զչանգահարեց։

Հիշեցնենք, որ ըստ «Հետքի»–ի՝ «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերությունը 2010թ. հունիսի 25-ից մինչև 2011թ. հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունից մաս-մաս ստացել է 10 մլն 700 հազ. ԱՄՆ դոլար վարկ: Բայց վարկի դիմաց նա բանկում գրավադրել է գործարար Փայլակ Հայրապետյանին և նրա որդուն պատկանող ընկերությունները, իսկ «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը, ովքեր և ունեզրկել են գործարար Փայլակ Հայրապետյանին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը