Լրահոս

31.05.2013 13:36


Էդվարդ Նալբանդյան. «Տեղական ժողովրդավարությունը մնալու է մեր գերակայությունների շարքում»

Էդվարդ Նալբանդյան. «Տեղական ժողովրդավարությունը  մնալու է մեր գերակայությունների շարքում»

Մայիսի 31-ին Հայաստանի արտգործնախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ Եվրախորհրդում Հայաստանի նախագահության շրջանակներում Երևանում անցկացվող Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մշտական կոմիտեի նիստին։

Իր խոսքում նախարար Նալբանդյանը ներկայացրեց եվրոպական ամենահին և հեղինակավոր կառույցում՝ Եվրախորհրդում, Հայաստանի նախագահության գերակայությունները և գործունեության ծրագիրը։

Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ ԵԽ-ում Հայաստանի նախագահության գերակայությունները սահմանվել են` նկատի ունենալով կազմակերպության առջև ծառացած մարտահրավերները՝ հատուկ ուշադրություն դարձնելով այն հարցերին, որոնք առավել էական են և պահանջում են անհապաղ արձագանք:

«Շարունակելու ենք աջակցել Գլխավոր քարտուղարի կողմից նախաձեռնված՝ Եվրոպայի խորհրդի բարեփոխումների գործընթացին՝ կազմակերպության արդյունավետությունը բարձրացնելու համար:

Հայաստանի նախագահությունը հետամուտ է լինելու Եվրոպայում ռասիզմի և այլատյացության դեմ պայքարին, միջմշակութային երկխոսության միջոցով եվրոպական արժեքների խթանմանը, մարդու իրավունքների և օրենքի գերակայության եվրոպական չափանիշների ամրապնդմանը, ինչպես նաև ժողովրդավարական հասարակությունների խթանմանն ու եվրոպական ճարտարապետությունում Եվրոպայի խորհրդի դերի ամրապնդմանը:

Մենք ուշադրության կենտրոնում ենք պահելու ատելության ու անհանդուրժողականության դեմ տարվող պայքարը, ռասիստական և այլատյացության հռետորաբանության՝ որպես քաղաքական քարոզչության գործիք օգտագործելու անթույլատրելիությունը, քանի որ դա պղծում է մարդկանց հոգիները, հասարակության մոտ թշնամու կերպար ստեղծում և անվստահություն սերմանում, ինչպես նաև բերում է ատելության հողի վրա հանցագործությունների խրախուսմանը: Հայաստանի նախագահությունը կնպաստի այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին՝ կազմակերպելով բարձր մակարդակի համաժողով՝ նվիրված Եվրոպայում ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության դեմ պայքարին:
Տեղական ժողովրդավարությունը գերակայության ոլորտ է եղել մի շարք նախկին նախագահությունների համար, և այն մնալու է մեր գերակայությունների շարքում, քանի որ մենք իրապես հավատում ենք, որ տեղական ժողովրդավարությունը հասարակության ժողովրդավարական զարգացման համար առանցքային բաղադրիչ է հանդիսանում:

Կրթությունը նույնպես կլինի Հայաստանի նախագահության ուշադրության կենտրոնում։ Մենք մեր նպաստը կբերենք բարձրագույն կրթության ոլորտին վերաբերող թեմաների շուրջ երկխոսությանը: Եվրոպայի խորհուրդը կարևոր աշխատանք է իրականացնում ի աջակցություն Բոլոնիայի գործընթացի, որը ներկայումս առաջնորդում է Հայաստանը։

Հատուկ ուշադրություն ենք դարձնելու մասնակցային ժողովրդավարությանը և համապատասխան գիտելիքների տարածմանը՝ հատկապես երիտասարդության շրջանում:

Հայաստանի նախագահությունը մեծ կարևորություն է տալիս Եվրոպայի խորհրդի գործունեության մշակութային հարթությանը, որը նպատակաուղղված է Եվրոպայի հարուստ և բազմազան մշակութային ժառանգության մասին իրազեկության բարձրացմանը:

Հայաստանի նախագահությունը նաև կնպաստի Եվրոպայի խորհրդի՝ այլ միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության զարգացմանը:

Նախագահության ընթացքում մենք սերտորեն կաշխատենք Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի և Տեղական և ռեգիոնալ իշխանությունների
կոնգրեսի հետ», -ասաց նախարար Նալբանդյանը։

ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահը ԵԽԽՎ մշտական կոմիտեի նիստի մասնակիցներին տեղեկացրեց մայիսի 16-ին կայացած ԵԽ նախարարների կոմիտեի արդյունքների և ընդունած որոշումների մասին, որոնք վերաբերում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կիրառման արդյունավետության բարձրացմանը, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումների իրագործման նկատմամբ վերահոսկողությանը, Եվրոպայի խորհուրդ – Եվրոպական միություն համագործակցությանը՝ այս առումով կարևորելով ԵՄ միացումը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենիցային, հարևան տարածաշրջանների
նկատմամբ Եվրոպայի խորհրդի քաղաքականությանը։

Ելույթում նախարար Նալբանդյանը կարևորեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի և ԵԽԽՎ արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ այդ կառույցներն միևնույն նպատակն են հետապնդում՝ առաջ մղել մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության արժեքները։

«Էական է, որ Նախարարների կոմիտեն և ԵԽԽՎ-ն աշխատեն իրենց մանդատներին համապատասխան, աշխատեն համահունչ՝ կազմակերպության առջև դրված նպատակներին հասնելու համար։ Սա իհարկե չի նշանակում, որ այս մարմինների տեսակետերն ու մոտեցումները պետք է պարտադիր կերպով նույնը լինեն։ Յուրաքանչյուրն ունի հստակ գործառույթներ և երևույթները դիտարկում է հենց այդ տեսանկյունից։ ԵԽ-ում Հայաստանի նախագահությունը ցանկանում է և պատրաստակամ է բարի կամքով և համագործակցաբար աշխատել ԵԽԽՎ հետ՝ նպաստելու կազմակերպության նպատակների իրականացմանը և ամրապնդելու քաղաքական երկխոսությանը Նախարարների կոմիտեի և Վեհաժողովի միջև»,- ասաց ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահը։

Այս խորագրի վերջին նյութերը