Լրահոս

31.05.2013 12:04


Հայաստանում ոչինչ հենց այնպես չի արվում,

Հայաստանում ոչինչ հենց այնպես չի արվում,

Հնամոլության ու պահպանողականության մեջ ինձ ոչ ոք չի կարող մեղադրել: Չի կարող մեղադրել նաև կույր ավանդապահության մեջ: Իմ ողջ կյանքում եղել եմ նորի ու առաջավորի, նորարարականի կողմնակիցն ու ջատագովը: Սակայն, հազիվ թե, իմ բոլոր ըմբռնումներով հանդերձ, հանդուրժելի համարեմ այն ամենը, ինչ նախապատրաստվում է իրականացնել մայրաքաղաքի ու երկրի Գլխավոր հրապարակում: Իսկ իրականացվելու է ճարտարապետական-մշակութային եղեռն, քաղաքաշինական ավերմունք, որն իրեն թույլ չի տա անգամ ամենահետամնաց ազգն ու ժողովուրդը: Հանրապետության հրապարակը համաշխարհային ճարտարապետության կաևորագույն ձեռքբերումներից է, բացառիկ անսամբլ, որում ներդաշնորեն համադրված են ազգային դասական ճարտարապետության բոլոր լավագույն դրսևորումները, որը հաստատում է դասական մոնումենտալիզմի բոլոր առաջավոր միտումները: Ճարտարապետական անսամբլը ունի իր հայեցակարգը, գեղագիտական և գեղարվեստական լուծումների միասնականությունը: Այն որքան վերադարձնում է մեզ դարերի խորքը, նույնքան էլ մոտեցնում է ապրվող իրականությանը, որովհետև այստեղ դասական պատմականությունն ու արդիական գործնականությունը սերտորեն կապակցված են:
Հրապարակի ճարտարապետական լուծումը վկայում է մեր դարավոր պատմության ու մտքի թռիչքի մասին, այն չափազանց կերպարային է: Հետևաբար, ամեն մի միջամտություն կարող է ավերել ու ոչնչացնել այս յուրատեսակ հուշարձանը, կարող է մեկընդմիշտ հրապարակը զրկել իր գրավչությունից: Հասկանալի է, որ հրապարակի իբրև թե վերանորոգման «մտահղացման» տակ այլ շահեր ու հետաքրքրություններ կան, հասկանալի է, որ առաջ է եկել տարածքների «վերաբաշխման» անհրաժեշտությունը, չի բացառվում, որ վերանորոգման անվան տակ արդեն վաճառվեն մի շարք կառույցներ, հրապարակը ողողվի այս կամ այն օլիգարխին պատկանող անճաշակ շինություններով... Հայաստանում ոչինչ հենց այնպես չի արվում, որևէ նախաձեռնություն քաղաքաշինության ասպարեզում չի լինում «անմեղ»... Արդեն մեր դառը փորձը հուշել է, որ ամեն ինչ արվում է մի շարք անձանց մղումներին հագեցում տալու համար... Մենք վերջին տարիներին կանգնեցինք իսկական ողբերգությունների առջև, երբ ավերվեցին մեր պատմությունն ու քաղաքաշինական շերտերը վկայող բազմաթիվ կառույցներ, գետնին հավասարվեցին Գիտությունների ակադեմիայի, «Սևան» հյուրանոցի, Երիտասարդական պալատի, այլ շենքեր, մայրաքաղաքը զրկվեց իր ճարտարապետական բացառիկությունից ու ինքնատիպությունից, երկիրը զրկվեց իր պատմությունից... Այլանդակվեց ու աղավաղվեց Աստաֆյան-Աբովյան փողոցը, քաղաքաշինական արգելոց դառնալու հավակնություններ ունեցող Կոնդը դարձավ ճապաղ ու էկլեկտիկ կառույցների, խառնիճաղանջ լուծումների վատ ցուցադրություն... Ու այսօր այլևս չենք կարող հպարտանալ մեր մոտ երեքհազարամյա մայրաքաղաքով, չենք կարողանա ձևավորել հետաքրքրություններ զբոսաշրջիկների համար...
Ուրեմն, մայրաքաղաքի ավագանու մեծարգո անդամներ, հարգելի՛ ճարտարապետներ, երկրի ու մայրաքաղաքի ճակատագրով մտահոգ այրե՛ր, տիկնա՛յք ու պարոնա՛յք, կանխենք հերթական ասպատակությունը, արգելենք ավերածությունները, խոչընդոտենք ձեռք տալ Հանրապետության հրապարակի ճարտարապետական անսամբլին, Տեր կանգնենք ապրող-շնչող հուշարձանին: Մեր անտարբերությունը կարող է հանգեցնել աղետի, մենք կարժանանանք սերունդների նզովքին ու անեծքին...

Լևոն Մութաֆյան

Այս խորագրի վերջին նյութերը