Լրահոս

30.05.2013 15:00


Հանդիպում Քուվեյթի ԱԺ նախագահ Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդի գլխավորած պատվիրակության հետ

Հանդիպում  Քուվեյթի ԱԺ նախագահ Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդի գլխավորած պատվիրակության հետ

Մայիսի 30-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը և ԱԺ պատգամավորները հանդիպեցին Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին՝ Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ այս հանդիպումը կնպաստի միջպետական ու խորհրդարանական հարաբերությունների էլ ավելի զարգացմանը: Նրա գնահատմամբ՝ ստեղծված է մեծ ներուժ, առկա են բոլոր հնարավորությունները՝ քաղաքական, տնտեսական ու մշակութային կապերի խթանման ու այդ ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացման համար: Միջխորհրդարանական կապերի զարգացման առումով նա կարևորեց բարեկամական խմբերի հետևողական աշխատանքն ու փոխայցերի ակտիվացումը:

Աժ նախագահը շնորհակալություն հայտնեց Քուվեյթի իշխանություններին հայկական համայնքի հանդեպ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար:

Խորհրդարանի ղեկավարը անդրադարձավ տարածաշրջանային զարգացման ու անվտանգության խնդիրներին՝ հավաստիացնելով, որ Հայաստանը եղել և մնում է բոլոր ազգերի ու ժողովուրդների հետ խաղաղ գոյակցության ու բազմակողմ հարաբերությունների հաստատման կողմնակից: Նա ներկայացրեց խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին բռնակցելու պատմական անարդարության փաստը, խոսեց Ադրբեջանի որդեգրած հայաթափման քաղաքականության, Արցախի ժողովրդի ինքնապաշտպանության ու ինքնորոշվելու հաստատակամության, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնահարցի կարգավորման առկա իրողությունների մասին՝ հավաստիացնելով, որ Հայաստանը շարունակում է մնալ հիմնախնիրը խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու կողմնակից:

Հովիկ Աբրահամյանը անդրադարձավ նաև 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանությանը, ապա շնորհակալություն հայտնեց արաբ ժողովրդին՝ այդ տարիներին կոտորածից մազապուրծ հայությանը աջակցելու ու հանգրվան տալու համար: ԱԺ նախագահի գնահատմամբ՝ Թուրքիան ոչ միայն չի ուզում ճանաչել իր կատարած ոճրագործությունը, այլև այսօր էլ շարունակում է Հայաստանի շրջափակման քաղաքականությունը և ամեն ինչ անում է՝ ձախողելու առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու Հայաստանի նախաձեռնությունները: Հովիկ Աբրահամյանը վերահաստատեց այն միտքը, որ, չնայած առկա իրողություններին, Հայաստանը շարունակում է իր հարևանների հետ խաղաղ գոյակցության քաղաքականությունը:

Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և համոզմունք հայտնեց, որ երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները հետայսու ավելի կամրապնդվեն երկու երկրների համար փոխշահավետ տնտեսական ու քաղաքական կապերի զարգացմամբ: Նա բարձր գնահատեց Հայաստանի վարած կառուցողական ու խաղաղասիրական քաղաքականությունը և հույս հայտնեց, որ խաղաղ բանակցությունների ճանապարհով կլուծվեն հարևանների հետ եղած բոլոր տարաձայնությունները, ինչը տեղի ունեցավ Իրաքի հետ Քուվեյթի հարաբերություններում: Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդը Քուվեյթի կյանքի տարբեր ոլորտներում ունեցած ներդրման համար բարձր գնահատեց հայկական համայնքի դերը՝ քուվեյթահայերին բնութագրելով որպես բանիմաց ու օրինապաշտ քաղաքացիներ:

Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդը Հովիկ Աբրահամյանին պաշտոնական այցով հրավիրեց Քուվեյթ:

Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ նաև տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարներին ու հնարավոր ներդրումներին: Հովիկ Աբրահամյանը հավաստիացրեց, որ Հայաստանի հարկային դաշտը լիբերալ է ու նպաստավոր ներդրումների համար: Ինչ վերաբերում է կոնկրետ քայլերին, նա առաջարկեց միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներում կամ Քուվեյթ կատարելիք իր այցի շրջանակներում պատվիրակության կազմում ընդգրկել նաև գործարարների, որոնք համատեղ քննարկումների արդյունքում կհստակեցնեն իրենց անելիքները և կոնկրետ քայլեր կձեռնարկեն:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Այս խորագրի վերջին նյութերը