Լրահոս

30.05.2013 13:59


Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին

Հովիկ Աբրահամյանն  ընդունեց ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին

Մայիսի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին, ով Երևան է ժամանել մասնակցելու ԵԽԽՎ Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի նիստերին:

Ողջունելով պարոն Մինյոնի առաջին այցը Հայաստանի Հանրապետություն` Ազգային ժողովի նախագահը նշեց, որ այն տեղի է ունենում Հայաստանի համար շատ կարևոր իրադարձության՝ ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության ընթացքում: □Եվրոպայի խորհրդում Հայաստանի առաջին նախագահությունը նշանակալի իրադարձություն է մեր երկրի համար: Սա բացառիկ հնարավորություն է Հայաստանի համար իր ներդրումն ու մասնակցությունն ունենալ անդամ երկրներում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության, համամարդկային արժեքների տարածմանն ուղղված Եվրոպայի խորհրդի օրակարգի ձեւավորման գործում□: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ, ինչպես նաեւ կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին: Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ Հայաստանը հաստատակամ է շարունակել խաղաղ ճանապարհով խնդրի լուծմանն ուղղված իր ջանքերը: Հովիկ Աբրահամյանը մեկ անգամ եւս ընդգծեց, որ հայկական կողմը հիմնախնդրի լուծումը տեսնում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում խաղաղ բանակցային ճանապարհով` հիմնված հայտնի երեք սկզբունքների՝ ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման վրա: «Ադրբեջանը, սակայն, իր ռազմատենչ կեցվածքով գործընթացը տանում է փակուղի, եւ նրա այս դիրքորոշման պատճառով է, որ առաջընթաց չի գրանցվում»,-ասաց ԱԺ նախագահը:

ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը կարեւորեց Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները`այս համատեքստում բարձր գնահատելով խորհրդարանի դերը: Շնորհավորելով Հայաստանին ԵԽ նախարարների կոմիտեում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ ԵԽԽՎ նախագահը նշեց, որ Հայաստանի համար կարեւոր եւ պատմական հնարավորություն է ստեղծվել առաջ մղելու ԵԽ քաղաքական օրակարգը եւ հավաստիացրեց, որ իր աջակցությունը կցուցաբերի Հայաստանի նախագահության ընթացքում նախաձեռնությունների իրականացմանը: Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը` պարոն Մինյոնը նշեց, որ այն պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, խաղաղ բանակցությունների արդյունքում եւ մադրիդյան սկզբունքների հիման վրա:

Հանդիպմանը քննարկվեցին այլ հարցեր եւս:

Այս խորագրի վերջին նյութերը