Լրահոս

30.05.2013 13:31


...այդ ճակատը հանձնարարված է Րաֆֆուն

...այդ ճակատը հանձնարարված է Րաֆֆուն

«Եվ այդ շրջանը վերջին մեկ տարվա նրա համար էր եւ այն մասին, որ մենք միասին որոնենք այդ լուծումները, որ Հայաստանի եւ Սփյուռքի մեջ եւ միջեւ չլինի այդ արհեստական տարանջատումները` ես եւ դուք, քաղաքացի թե ոչ, արեւելահայերեն եւ արեւմտահայերեն»։

Րաֆֆի Հովհաննիսյան

Թվում է, թե այս՝ մասնագիտությամբ հայրենասերի հերթական անկապ բառակույտն է, մտքի կիսաֆաբրիկատ, որը լսողը դեռ պետք է դրանից հայերեն նորմալ նախադասություն կազմի ըստ իր ճաշակի։ Բայց այս մարդը ամեն անգամ քողարկված ինչ-որ մի վատ ու վնասակար բան է ասում։ Այստեղ էլ, նրա բառակույտի կոնտեքստում «քաղաքացի թե ոչ»-ը նշանակում է, թե՝ բոլորս էլ հայ ենք, քաղաքացի (Հայաստանի) եւ ոչ քաղաքացի հասկացությունները տարանջատում են մտցնում Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ։ Այսնքն՝ դա վատ բան է ու դրանից պետք է հրաժարվել։ Սա ասում է ԱՄՆ-ում իրավաբանական կրթություն ստացած, 40 տարի նրա քաղաքացին հանդիսացած մարդը։ Հետաքրքիր է՝ նմանօրինակ մի միտք նա կարտահայտե՞ր ԱՄՆ-ի մասին՝ նրա քաղաքացին լինելով։ Չէր արտահայտի, որովհետեւ դրանից հետո նրան կզրկեին ոչ միայն բարձրագույն կրթության դիպլոմից, այլեւ միջնակարգ կրթության ատեստատից։ Կամ լուրջ չէին ընդունի, «խենթանոց» կուղարկեին։ Իսկ եթե լուրջ ընդունեին, երեւի, դատի կտային Սահմանադրությունն անարգելու համար։ Որովհետեւ արդեն միջին դասարաններում մարդը պիտի իմանա, որ նման միտքն ապուշություն է առնվազն։ Հիմա դա ասում է բարձրագույն կրթությամբ, իրեն քաղաքական գործիչ համարող, կուսակցություն ղեկավարող, նախագահի պաշտոնին հավակնած մարդը... Դա խորը արհամարհանք է տվյալ ժողովրդի ու պետության նկատմամբ։ Այն ժողովրդի, որը նրան հաղթական ձայներ տվեց։ Հայաստան պետության ու նրա ժողովրդի (քաղաքացու) նկատմամբ էս մարդու արհամարքի առաջին դրսեւորումը չէ սա։ Հիշում էք՝ 10 տարի կռիվ էր տալիս՝ ԱՄՆ քաղաքացի մնալով Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Ինչը այդ ժամանակ Սահմանադրությամբ արգելվում էր։ Բայց նա կռիվ էր տալիս։ Որովհետեւ Հայաստանը պետություն, նրա Սահմանադրությունը՝ Սահմանադրություն եւ նրա ժողովրդին ժողովուրդ չէր համարում։ Ուրիշ բացատրություն չի կարող լինել։
Հայաստանը պետություն եւ նրա բնակչությանը ժողովուրդ չի համարում նաեւ գործող ռեժիմը, որ եւ քանդում է այդ պետությունը, թալանում ու նվաստացնում նրա քաղաքացուն։ Բայց գործող ռեժիմը բարձրաձայն չի կարող նման մտքեր ասել։ Ահա այդ ճակատը հանձնարարված է Րաֆֆուն։ Կամ ինքն է ստանձնել կամավոր։ Նրա ասածի բովանդակությունը կարեւոր չէ, նա ինչ էլ ասի, հայրենասիրություն է ստացվում։ Կարեւորն այն է, որ երկուսն էլ (նա եւ ռեժիմը) նույն գործն են անում։

Աշոտ Սարգսյան
Իսկ ամենավատը հետեւյալն է. մարդկանց մի 10%-ը սուղ գիտելիքի ու ցածր մակարդակի բերումով կարող է այս բանը չհասկանալ եւ այսպիսի միտք արտաբերողին դեռ լուրջ ընդունել։ Այդ 10%-ի մեջ հաստատ ոչ մի լրագրող չկա։ Այդ 10%-ի մեջ չեն կարող նաեւ լինել մարդիկ, որոնք իրենց քաղաքականության թեկուզ այբունենին ծանոթ են համարում։ Ու դրանով հանդերձ, ինչպես առ այսօր ցույց է տալիս փորձը, լրագրողները եւ ուրիշ շատերը վարվելու են հենց այնպես, ինչպես հիշյալ 10%-ը։

Այս խորագրի վերջին նյութերը