Լրահոս

30.05.2013 08:35


ՏԻՄ ընտրություններում արձանագրած խախտումները

ՏԻՄ ընտրություններում արձանագրած խախտումները

Մայիսի 26-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը մի խումբ գործընկերների հետ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կազմում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դիտորդություն է իրականացրել հանրապետության 5 մարզերի համայնքների ընտրատարածքներում: Դիտարկվել են համայնքների ղեկավարների ընտրությունները Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի, Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի ու Նոր Հաճն քաղաքի, Շիրակի մարզի Ախուրիկ գյուղի տեղամասերում, ինչպես նաև ավագանու անդամների ընտրություններ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ ու Սեմյոնովկա գյուղերի և Լոռու մարզի Լեջան գյուղի մի շարք տեղամասերում: Ընտրության օրը գրանցվել է 38 խախտում:

Առավել հաճախ կրկնվող ընտրախախտումները վերաբերում են լիազորված անձանց իրավունքների խախտմանը, կողմնակի անձանց ներկայությանը և կուտակումներին տեղամասում, ընտրացուցակի, անձնագրում դրվող կնիքների, քվեարկության պարագաների հետ կապված խնդիրներին, ինչպես նաև ընտրողների փոխադրմանը և կուտակումներին տեղամասից դուրս: (Ընտրախախտումների քարտեզին կարող եք ծանոթանալ հետըյալ լինքով՝ http://armdex.com/elections/2013-05-26/map/)
Ընտրական խախտումների և դիտորդական իրավունքների ոտնահարման մասին հավաքած ապացույցները հիմք են դարձել 25 դիմումների համար՝ ուղղված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ստեղծվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Իրավունքի Եվրոպա միավորում», «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունների կողմից, որին միացել են մի քանի տասնյակ սփյուռքահայեր և քաղաքացիական ակտիվիստներ:

Այս խորագրի վերջին նյութերը