Հանրությունը ականատես եղավ, թե ինչպես տապալվեց ՀԾԿՀ-ի նախագահ ՌոբերտՆազարյանի՝ հանցավոր փորձը ձևական լսումների միջոցով արտագաղթին նպաստող, գազի և էլեկտրաէներգիայի ազգասպան սակագները հաստատելու փորձը:
Պետք է նշել, որ ՀԾԿՀ ներկայացուցիչների կողմից այդպես էլ չհստակեցվեց միջոցառման կարգավիճակը՝ աշխատանքային քննարկո՞ւմ, թե՞ հանրային լսում (իսկ դրանք իրարից արմատապես տարբերվող հասկացություններ են), ինչը, ըստ էության, նպատակ էր հետապնդում, որ հետագայում, հանձնաժողովի դիրքորոշումները մատուցվելու էին ըստ ցանկության և անհրաժեշտ ձևով:
Հանրության ներկայացուցիչներին թյուրիմացության մեջ գցելու և ապակողմնորոշելու համար ՀԾԿՀ-ն ցանկանում էր այդ միջոցառումն անցկացնել իր վարչական շենքի նկուղային հարկի փոքր սրահում, որտեղ կարող էին տեղավորվել սակավաթիվ մարդիկ: Այդ սենյակում չկային աշխատանքային պայմաններ և անհրաժեշտ սարքավորումներ (խոսափողներ), իսկ հեղձուկը ամենևին էլ չէր կարող նպաստել կառուցողականությանը, այլ ընդհակառակը՝ բոլոր ներկաների մոտ կառաջացներ միջոցառումը րոպե առաջ ավարտելու ցանկություն:
ՀՀ քաղաքացիներն ապացուցեցին, որ հանրության մասնակցությունը, իրական հանրային լսումներին, կրումէ և կրելու է սկզբունքային բնույթ:
Հետայսու քաղաքացիների միջոցների հաշվին պաշտոնավարողները պարտավոր են հարգանք ցուցաբերել քաղաքացիների նկատմամբ, հաշվի նստել նրանց հետ և հաշվի առնել նրանց դիրքորոշումը:
Տեղի ունեցածը վկայում է նաև, որ քաղաքացիները կամք ու եռանդ ցուցաբերելու դեպքում կարող են հանրությանը վերադարձնել քրեաօլիգարխիկ համակարգի զավթած պետական լծակները:
Ժողովրդի գրպանը մտնելու մենաշնորհների փորձը կանխելու համար, կո՛չ ենք անում բոլոր քաղաքացիներին՝ միավորվել հանուն ձեր երեխաների առողջության և բարեկեցության:
«Եկե՛ք կանխենք գազի սակագինը» քաղաքացիական նախաձեռնություն
Քննարկո՞ւմ, թե՞ հանրային լսում