Լրահոս

27.05.2013 11:28


Չհայտարարված մահվան դեպք բանակում

Չհայտարարված մահվան դեպք բանակում

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» իրավական լրատվական կայքը՝ «jfhr.am»–ը, գրում է, որ զինծառայող Հայկ Կալեյանի մահվան դեպքի նախաքննության ավարտից հետո նրա ընտանիքին հնարավորություն չի տրվել ծանոթանալ քրեական գործի նյութերին, նրանց չի տրամադրվել քրեական գործի պատճենը, ինչը նախաքննական մարմնի` գործը վարող քննիչի պարտականությունն է:

Հենց այս պառճառաբանությամբ էլ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հայկ Կալեյանի մահվան գործով մայիսի 24-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է իրավապաշտպան Արթուր Սաքունցի միջնորդությամբ` քրեական գործի նյութերին ծանոթանալու և պատշաճ պաշտպանություն իրականացնելու նպատակով:

Չնայած սոցիալական ոչ բարվոք պայմաններին` Հայկի մայրը` Նվարդ Պետրոսյանը, փորձել է փաստաբան գործումներգրավել՝ որդու մահվան պատճառներն իմանալու, սակայն քննիչը նրան համոզել է, որ փաստաբանը հենց ինքն է, և մայրը հավատացել է` հրաժարվելով իրական փաստաբանից: Դատական նիստից օրեր առաջ է միայն մայրը տեղեկացել, որ իրեն խաբել են: Նրանց շահերն այժմ դատարանում կներկայացնի Արթուր Սաքունցը:

Հայկ Կալեյանը բանակ էր զորակոչվել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղից և հասցրել ծառայել ընդամենը 74 օր: Նախաքննության ավարտից հետո գործը դատարան է ուղարկվել «ինքնասպանության» վարկածով: Ըստ պաշտոնական վարկածի՝ զինծառայողն իրեն ամրակցված գնդացրից որովայնի շրջանում 3 կրակոց է արձակել, ինչից մահացել է:

Ծնողները չեն հավատում առաջ քաշած վարկածին:

Ի դեպ, մահվան այս դեպքը, որը տեղի է ունեցել 2012թ. սեպտեմբերի 6-ին, տեղ չի գտել ՊՆ-ի կողմից արվող պաշտոնական հաղորդագրությունների մեջ:

«Մենք մնացինք մեր սգի հետ, մեր դուռը բացող չեղավ»,–ասում էր մայրը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը