Լրահոս

26.05.2013 02:22


Այսօր տեղի կունենա հազվագյուտ երկնային երևույթ` մոլորակների եռակի միացում

Այսօր տեղի կունենա հազվագյուտ երկնային երևույթ` մոլորակների եռակի միացում

Մայիսի 26-ի երեկոյան տեղի կունենա հազվագյուտ և գրավիչ երկնային երևույթ` մոլորակների եռակի միացում, երբ երեք մոլորակ դիտվում է երկնքի մի հատվածում` իրար շատ մոտ: Այս անգամ իրար մոտ կդիտվեն Մերկուրին, Վեներան և Յուպիտերը: Մայիսի 26-ի արևամուտը կլինի առանձնահատուկ. մոտ 2.5 աստիճանի սահմաններում (հիշեցնենք, որ Լուսնի սկավառակի անկյունային չափն է կես աստիճան) հնարավոր կլինի դիտել Արեգակնային համակարգի երկու ամենապայծառ մոլորակները` Վեներան և Յուպիտերը, ինչպես նաև Մերկուրին: Երեք մոլորակները դասավորված կլինեն եռանկյան տեսքով: Այս միացումը հատկապես դիտարժան է, քանի որ մասնակցում են մայիսին դիտվող երեք ամենապայծառ մոլորակները և նույնիսկ քաղաքային պայմաններում երևույթը շատ լավ դիտվելու է: Դիտման լավագույն պայմանները կլինեն արևամուտից հետո 30-60 րոպեի ընթացքում: Հետաքրքիր տեսարանը կշարունակվի մի քանի օր, քանի որ մոլորակներն աստիճանաբար են մոտենում և հեռանում: Ավելին, մայիսի 28-ին Վեներան և Յուպիտերը կդասավորվեն իրար ամենամոտ դիրքերում` 1 աստիճան հեռավորության վրա: Երևույթի վերաբերյալ տեսանյութ կարելի գտնել հետևյալ հղմամբ`https://www.youtube.com/watch?v=EgViw1UlXuo:
Մոլորակների միացումներ կոչվում են երկնքում երկու կամ ավելի մոլորակների իրար մոտ դիտվելը, որպես կանոն` մի քանի աստիճան անկյունային հեռավորության սահմաններում: Երկու մոլորակների միացումներ շատ հաճախ են տեղի ունենում, օրինակ 1 աստիճանի սահմաններում` որպես կանոն տարեկան 5-6 անգամ (իսկ ավելի հեռու միացումներ` շատ ավելի հաճախակի): Այդ պատճառով, առավել հետաքրքրական են 3 մոլորակների միացումները (եռակի միացումներ): Նշենք, որ մոլորակների միացումը չի նշանակում, որ այդ մոլորակներն իրականում մոտենում են տարածության մեջ: Դա միայն պրոյեկցիայում է:
Անցյալ եռակի միացումը դիտվել է 2011թ, մայիսին, իսկ հաջորդը կդիտվի 13 տարի հետո: Հետաքրքրական է, որ Մերկուրիի, Վեներայի և Յուպիտերի այս տարվա եռակի միացումը կկրկնվի 43 տարի, 2056թ. փետրվարի 27-ին:
Հայկական աստղագիտական ընկերություն

Այս խորագրի վերջին նյութերը