Լրահոս

25.05.2013 14:02


Կայացել է աշխատանքի տոնավաճառը

Կայացել է աշխատանքի տոնավաճառը

Հարգելի գործընկերներ, այսօր՝ մայիսի 25-ին, ՀՊՏՀ մարքեթինգի և կարիերայի կենտրոնի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության համատեղ նախաձեռնությամբ այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակում կազմակերպվեց աշխատանքի տոնավաճառ`շուրջ 50 գործատուների մասնակցությամբ:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ անդրադառնալով Տնտեսագիտական համալսարանի հետ գործընկերային հարաբերություններին, խոսելով նմանատիպ միջոցառումների արդյունավետությունից:

«Բուհի համար ամենակարևորը կրթության որակի բարձրացումն է, որն անհնար է իրականացնել առանց աշխատանքի շուկայի պահանջների ուսումնասիրության ու գործատուների հետ համագործակցության»,-ողջունելով միջոցառման բոլոր մասնակիցներին ու հյուրերին` ասաց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը: Անդրադառնալով բուհ-աշխատաշուկա հարաբերություններին` ռեկտորը նշեց, որ աշխատանքի շուկային համապատասխան մասնագետներ պատրաստելու նպատակով ՀՊՏՀ-ն պետական ու մասնավոր հատվածի գործատուների հետ կնքել է համագործակցության պայմանագրեր, իրականացնում է համատեղ կրթական ծրագրեր` փորձելով պատրաստել աշխատաշուկային համապատասխան մասնագետներ: «Այսօր, այստեղ հանդիպում են գործատուն ու մեր թողարկած մասնագետը, և ինձ համար շատ կարևոր է ինչպես գործատուի, այնպես էլ գործառուի գնահատականը՝ տրված մեր կրթած ուսանողին»,-ասաց Կորյուն Աթոյանը և հույս հայտնեց, որ այսպիսի միջոցառումները շարունակական կլինեն:

Մի քանի ժամով համալսարանի բակում հանդիպեցին լավագույն գործատուները, մեր բուհի ուսանողներին ու շրջանավարտները, ինչպես նաև աշխատանք փնտրող այլ անձինք: Նրանք ծանոթացան տարբեր ընկերությունների ու կազմակերպությունների կողմից ներկայացվող թափուր կամ սպասվող աշխատատեղերին` փորձելով գտնել իրենց մասնագիտական հմտություններին համապատասխան աշխատանք: Աշխատանք փնտրողները հնարավորություն ունեցան նաև ընդգրկվելու տարբեր գործատուների տվյալների բազայում` առաջիկայում աշխատանք գտնելու ակնկալիքով: Գործատուների համար աշխատանքի տոնավաճառը դարձավ լավ հնարավորություն` գտնելու իրենց պահանջներին համապատասխան մասնագետներ, ստեղծելու որակյալ մասնագետների տվյալների բազա:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը